Պատերազմը վավերագրող լուսանկարիչը

Լուսանկարիչ Արեգ Բալայանը վավերագրել է 2 պատերազմ: Ապրիլյանին մասնակցել է՝ մի ձեռքին զենքը, մյուսին՝ լուսանկարչական ապարատ, 44-օրյային էլ իր եղբայրներն են մասնակցել: Պատերազմական ծանր պահերը տեսնել, ապրել, վավերագրելով՝ եկել է հաստատ համոզման, որ խաղաղությունը կարևոր արժեք է:

Հենց այսպես լուսանկարիչ Արեգ Բալայանը Շուշիում ֆիքսեց փոքրիկների ժպիտը։ Լուսանկարն Արցախյան պատերազմի օրերին շատերին լույսի շող տվեց։ 44-օրյա պատերազմում Արեգն իր կռիվն էր տալիս՝ վավերագրելով պատերազմը կյանքի ու մահվան սահմանագծում։

Արեգ Բալայան — Եթե դու այդ պատերազմական իրողության մեջ ես, միշտ չգիտես, թե ինչ կլինի հաջորդ վայրկյանին: Կապ չունի՝ դու հյուրանոցի մատուցող ես, թե լուսանկարիչ, թե զինվոր: Սկսում ես ապրել այդ իրականության մեջ՝ ամեն վայրկյանդ հասկանալով, ամեն վայրկյանդ գնահատելով:

2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արեգի մի ձեռքում զենքն էր, մյուսում՝ երբեմն ֆոտոխցիկը։ Ասում է՝ պատերազմի ցավն արդեն իրեն ծանոթ էր, բայց փորձում էր ամենադժոխային իրավիճակում էլ լույս գտնել։

Արեգ Բալայան — Իրականում, կյանք կար ու այդ եղած կյանքը շատ ավելի գնահատված էր ու շատ ավելի իրական, շատ ավելի գիտակցված՝ ի տարբերություն սովորական, առօրյա կյանքի, երբ դու ուղղակի ավտոմատ կաս ու չես գիտակցում, որ կաս, իսկ այնտեղ ամեն ինչից ես ուրախանում։ Այդ կյանքը պետք էր ցույց տալ:

Այս լուսանկարն արել է Շոշ գյուղում։ Ռումբն ընկել էր տանից մոտ 30-40 մ հեռու, բայց տունն ամբողջովին բեկորներից ավիրվել էր։ Հավերժացրել է պահը, երբ տան տերը համբուրում է սրբապատկերն ու շնորհակալություն հայտնում, որ տղան ողջ է մնացել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ