Մասիսի ոստիկանների նոր բացահայտումները

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի և Մասիսի բաժինների ոստիկանները բացահայտել են երիտասարդների կողմից կատարված գողություններ և գողությունների փորձեր։

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Երևանի Սարի թաղի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդ հունվարի 26-ին գողություն է կատարել:

Տվյալները ստուգելուց հետո տղան բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանեց արարքը: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա, միայնակ և այլ անձանց հետ, կատարել է նաև այլ հափշտակություններ, որոնց մի մասը մնացել է միայն փորձ:

Երիտասարդը մայրաքաղաքի տարբեր շրջաններում գեղեցկության սրահներից գողացել կամ փորձել էր գողանալ մազահեռացման սարքեր, մի դեպքում հափշտակել, մեկ այլ դեպքում` միայն փորձել էր վաճառակետերից տանել դրամարկղեր, նաև փորձել էր գողանալ վճարային տերմինալ, բայց իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չէր հասցրել:

Պարզվել է նաև, որ անցած դեկտեմբերի 29-ին նա, երեք հոգու հետ, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բակերից մեկում կայանված մեքենայից գողացել է համարանիշերը, տեղադրել իր մեքենայի վրա ու մեկնել Արարատի մարզի Այնթապ գյուղ։ Մի խանութից փորձել էին գողություն անել: Միայն փորձել էին: Այստեղից փախչելով` մտել էին նույն գյուղում գործող մի արտադրամաս, փորձել գողանալ դրամարկղը, ու կրկին ձախողել:
Շարունակելով հետախուզական միջոցառումները և համագործակցելով Մասիսի ոստիկանների հետ, ՔՈԳՎ ծառայողները բերման են ենթարկել ևս մեկ երիտասարդի: Մասիսի բաժնում տղաները խոստովանել են, որ հունվարի 11-ին Մասիսի մի տնից գողացել են 40 հազար դրամ:

Հուսանք, որ այս բացահայտումներով իրավապահները լավ հնարավորություն են տալիս երիտասարդներին` ժամանակին հետ կանգնելու կործանում տանող ճանապարհից ու փորձառություն ձեռք բերելու օրինավոր գործերում:

Տղաները ստորագրությամբ բաց են թողնվել, կատարվում է նախաքննություն»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ