Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կանոնավոր մեկամսյա չվերթները բացվել են նաև Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

«Շիրակ» օդանավակայանը վերջին ամիսներին հատուկենտ թռիչքներ է ունեցել, որոնք իրականացվել են չարտերային եղանակով։ Երկրորդ օրն է, ինչ անցել են կանոնավոր չվերթների։ Առայժմ օրական մեկ թռիչք վերադարձողների և մեկնողների համար է։ Արտերկրից վերադարձածները օդանավակայանի սրահի առանձնացված հատվածում Covid-19-ի պարտադիր թեստավորում են անցնում։

Պարտադիր թեստավորումը  մեկնողներին ևս վերաբերում է, այս մասին քաղաքացիներին իրազեկում եղել է։ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր  72 ժամ առաջ անցել են թեստավորում և ունեն բացասական պատասխան, թույլատրվում է  հատել օդային սահմանը:

Covid-ի բացասական արդյունքն էլ, որպես ապացույց, օդանավակայանում քաղաքացին «Ճամփորդի՛ր առանց Covid-19» բջջային հավելվածում QR կոդի տեսքով է ներկայացնում։

Օդային ճանապարհների բացմանն ավելի շատ սպասում էին արտագնա աշխատանքի մեկնողները: Շիրակի մարզի Ազատան գյուղից անգամ շինարարական բրիգադներով են մեկնում արտագնա աշխատանքի։ Համավարակի պատճառով անցած տարվանից մնացել են անգործ։ Գյուղի տղամարդկանց մեծ մասը տարվա կեսից ավելին փող է աշխատում Ռուսաստանի Դաշնությունում։

Սեզոնին գյուղի տղամարդկանց մեծ մասը գնում է, ընտանիքները մնում են գյուղում։ Շատ հողեր ունեն, մշակում են, բերքից եկամուտ ստանում, դրսից ուղարկած գումարով էլ տուն կառուցում, տնտեսությունն են ընդլայնում։

Միայն թե չգիտեն՝ այս տարվա դրսի աշխատանք ինչպես կլինի, տնտեսական վիճակն այնտեղ էլ լավ չէ։ Արտագնա աշխատանքի մեկնողների մեծ մասը գործատուների հետ պայման ունեն, մեկնելու տոմսի գումարը գործատուն ինքն է վճարում։ Աշխատանքի առաջարկներ դեռ նոր են ստանալու, ամենաուշը մինչև փետրվարի վերջ բրիգադները կմեկնեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ