«Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա ծննդկան է մահացել

«Բեգլարյան» բժշկական կենտրոնի ծննդատանը 30-ամյա ծննդկան է մահացել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Նշվում է, որ Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղի մեծ թվով բնակիչներ հավաքվել են ծննդատան բակում եւ պահանջում են պատասխան տալ, թե ինչի՞ հետևանքով և ո՞ւմ պատճառով է իրենց գյուղի բնակչուհի 30-ամյա Նելլի Արշակյանը, որ առողջ բերվել է նշված ծննդատուն, այսօր մահացել։

«Հունվարի 31-ին Նելլիին, ով պետք է 3-րդ երեխան ունենար, առողջ, առանց որևէ գանգատի բերել ենք նշված ծննդատուն։ Հետազոտել են, և փետրվարի 1-ին աղջիկ է ունեցել։ Ծննդատնից մեզ տեղեկացնում են, որ և՛ մայրը, և՛ երեխան լավ են, ոչ մի առողջական խնդիրներ չունեն։

Մենք էլ հարազատներով գնում ենք տուն, աչքալուսանք տալիս ազգուտակին, որ Նելլին առողջ աղջիկ է ունեցել։ Այսօր՝ առավոտյան ժամը 8-ին, ծննդատնից զանգահարում են և ասում, թե Նելլիի վիճակը վատացել է, ու ամուսնուն խնդրում են, որ գա ծննդատուն»,- պատմել է մահացածի քույրը։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

«Հայկական ժամանակը» փորձեց կատարվածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ բժշկական կենտրոնից, սակայն այստեղից պատասխանեցին, որ ղեկավարությունը տեղում չէ, իսկ ներկաներն իրավասու չեն այդ մասին խոսելու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ