![]()
Արցախի Պաշտպանության բանակում և դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասել է Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։
Ճշտող հարցին՝ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է կազմալուծո՞ւմ՝ ինչպիսի տեղեկություն տարածվել է մամուլում, Աթանեսյանը պատասխանել է, որ կազմալուծման որեւէ գործողություն չի նախատեսվում:
ԱԽ տեղեկատվության վարչության պետից հետաքրքրվել են՝ կառուցվածքի փոփոխությունը ենթադրում է նաև կարգավիճակի՞ փոփոխություն, այսինքն՝ այլևս չի՞ լինելու ՊԲ, Աթանեսյանն արձագանքել է, որ այս պահին մանրամասաներ չի կարող հայտնել կառույցի վերանվանման վերաբերյալ, քանզի դեռևս հստակեցում չկա։
Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են նախատեսվում այդպիսի փոփոխություններ, նա նշել է, որ Անվտանգության խորհրդում այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ, և ոչ թե փաստաթղթային․ այլ մանրամասներ նա չի հայտնել։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, և Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։
![]()