![]()
Ախտաբանական տեսողական պատրանքները առաջանում են տեսողական ընկալման հոգեբանական մեխանիզմների պաթոլոգիական չափազանցության հետևանքով՝ առաջ բերելով վերոհիշյալ տեսակի պատրանքներ։
Օպտիկական խաբկանքների ճնշող մասի համար պատասխանատու է ողջ տեսողական ապարատը, ներառյալ նաև ուղեղային հատվածները։ Առաջին փուլը ազդանշանի առանձնացումն է ֆոնից, այդ փուլով պայմանավորված ընկալման սխալները կազմում են օպտիկական խաբկանքների առանձին խումբ, որոնց գոյության վրա է հիմնված պաշտպանական գունավորման կիրառումը քողարկման նպատակով (այս երևույթը լայնորեն տարածված է նաև կենդանական աշխարհում, տես միմիկրիա)։
Երկրորդ փուլի՝ տեսողական ազդանշանների դասակարգման հետ են կապված այն օպտիկական խաբկանքները, որոնցում կառուցվածքային կամ հոծ ֆոնը հանգեցնում է պատկերների ջոկման կամ դրանց պարամետրերի (պայծառության, ձևի, փոխդասավորության և այլն) գնահատման սխալների։ Վերջապես, տարածված են նաև այնպիսի օպտիկական խաբկանքներ, որոնք կապված են տեսողական ինֆորմացիայի մշակման երրորդ՝ վերջին փուլի սխալների հետ, այսինքն՝ դիտարկվող օբյեկտների բնութագրերի (մակերես, երկարություն, անկյուններ) գնահատման սխալների, ինչպես նաև հեռանկարային աղավաղումների հետ։
Դիտվող օբյեկտի շարժման կամ ժամանակի ընթացքում փոփոխման դեպքում տեսողական ընկալման պրոցեսը բարդանում է․ առաջ են գալիս, այսպես կոչված, դինամիկ օպտիկական խաբկանքներ, ի տարբերություն վերը թվարկված ստատիկ օպտիկական խաբկանքների։
Օրինակ, եթե շարժվող առարկային երկար նայելուց հետո հանկարծակի ընդհատվի դիտումը, ապա առաջ կգա այդ առարկայի հակառակ շարժման խաբկանք։ Այս խմբին են դասվում նաև տեսողության իներցիայի հետ կապված օպտիկական խաբկանքները, որոնց օգտագործման վրա են հիմնված կինոն և հեռուստատեսությունը։
![]()