![]()
Նախօրեին սոցցանցերում տարածվեց հունվարի 24-ին Ճիաթուրայում տեղի ունեցած հոգևորականներից մեկի քարոզի տեսանյութը, որտեղ վերջինս Վրաստանում բնակվող էթնիկ հայերի, ադրբեջանցիների հանդեպ ատելության լեզվով է արտահայտվում, դրսևորում է այլատյացություն, այնուհետև նույն կերպով անդրադառնում է երեխաներին ու ապատեղեկատվություն տարածում կորոնավիրուսի մասին, ասում, որ այն դավադրապաշտական տեսություն է:
Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, Դեկանոզ Թադեոզ Սարալիձեն ամբիոնից հավատացյալների հետ խոսել է բարություն տալու մասին, միաժամանակ վիրավորել էթնիկ հայերին: Վերջինս մեջբերել է Շոթա Ռուսթավելիի «Ինչ տաս՝ քոնն է, ինչ չտաս՝ կորած է» արտահայտությունն ու ավելացրել. «Հայ հո չես, փչացած հայ… Հայն ի՞նչ է ասում.. ի՞նչ տամ, ինչի՞ համար»,- ասել է հոգևորականը, սակայն սրանով չի սահմանափակվել:
Բարության մասին խոսակցությունը չի շրջանցել նաև «գողական շրջանակներին»: Քահանան իր կարևորությունն ընդգծելու համար ասել է, որ եղել է «այդ տղաների հետ, այդ համակարգում ու իսկապես, քաջ տղամարդիկ են»։
«Կոմունիստների հետ չէր ստացվում ընկերություն անել, կոմերիտականների հետ էլ՝ աֆերիստներ էին, իսկ այս գողական շրջանակներում ունեի ընկերներ…նրանք սովորացնում էին հետևել բանտարկյալին, սովածին կերակրել… գիտե՞ք ինչքան բան կարող եք այս մարդկանցից սովորել, ժողովուրդ..․Սաակիանին գիտե՞ք ինչու գողերին այստեղից հանեց… նախ, իր բաժինն էին խլում, հետո էլ՝ ճշմարտություն էին ասում»,- հայտարարել է նա:
Հաջորդիվ նա անդրադարձել է կորոնավիրուսի տարածմանն աշխարհում, ասել է, որ կորոնավիրուսով վարակվում են միայն նրանք, ում Աստված չի սիրում, օրինակ՝ իսպանացիները:
«Իսպանացին ոտքը քարի կպչի, աստված կհիշի, թե ինչեր է արել այս դեգեներատ ազգը: Դրա համար էլ մեռելներով լցվեց դրանց երկիրը»: Հոգևորականի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվում են նրանք, ում գեները բանի պետք չեն ու Աստված նրանց չի սիրում, իսկ կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու դեպքում՝ թոշակառուները կզրկվեն թոշակից:
Վերջում հոգևորականն անդրադառնում է երեխաներին ու ասում, որ նրանք չեն վարակվի կորոնավիրուսով, եթե «տղամարդ, ազնիվ ու եկեղեցուն հավատարիմ» լինեն:
«Եթե եկեղեցի չես գալիս, սպորտում էլ բանի պետք չես, ամբողջ օրը հեռախոսի մեջ ես, ավելի լավ է մեռնես ու գնաս գերեզման, քան էշ մեծանաս»,- ասել է հոգևորականը:
Տեսանյութը մեծ աղմուկ է բարձրացրել, լրագրողները դիմել են պատրիարքարան, նրանք էլ, իրենց հերթին, հայտարարել են, որ համապատասխան քննարկումներ կանցկացնեն ու հոգևորականին համապատասխան պատասխանատվության կենթարկեն:
Այլ հոգևորականներ ևս դատապարտել են քահանայի քարոզի բովանդակությունն ու նրա հայտարարությունները:
Պատրիարքարանի կողմից կայացված որևէ հստակ որոշում դեռ չի հրապարակվել:
![]()