«Պարգև Սրբազանը դարձել է դարերով մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը…». Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախում խոր ափսոսանքով ընդունեցինք Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ազատվելու լուրը:

Ավելի քան երեք տասնամյակ հայրենանվեր առաքելություն իրականացնելով Արցախում՝ Պարգև Սրբազանը դարձել է սեփական հողի վրա ազատ ու խաղաղ ապրելու և արարելու, ազգային ինքնության և հավատքի պահպանման ու ամրապնդման համար պայքարող հայ ժողովրդի, դարեր շարունակ մաքառող ու վերածնված Արցախի խորհրդանիշը: Մեծ հայրենասերի ու հայի այդ կերպարը հենց այդպես էլ կմնա մեր նորագույն պատմության հերոսական էջերում և յուրաքանչյուր հայի սրտում:

Սրբազա՛ն Հայր,

Թույլ տվեք մեր հավատավոր ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ հայտնել խորին հարգանացս հավաստիքը և երախտագիտության ու բարեմաղթանքի ամենաջերմ ու անկեղծ խոսքերը: Արեւշատություն, քաջառողջություն ու ամենայն բարիք Ձեզ: Թող Աստծո լույսն ու զորությունը միշտ ուղեկցեն Ձեզ:

Վստահ եմ՝ Արցախը միշտ կլինի Ձեր հոգում, աղոթքներում ու գործերում, որտեղ էլ որ լինեք»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ