![]()
Այրվածքաբանության ազգային կենտրոնի առաջին հարկում գտնվող անցակետում այցելուները հարցնում են թիվ 19 հիվանդասենյակի տեղը: Նրանց խնդրում են 10 րոպեից ավել չմնալ ներսում:
Հիվանդասենյակը փոքր է թվում անընդհատ եկող-գնացողների ներկայությամբ: Մահճակալներին 70 օր շրջափակման մեջ հայտնված եւ իրար հետ երկար ճանապարհ անցած 6 զինվորներից 4-ն են՝ Արման Արմաղանյանը, Ռուսլան Թումանյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Այվազյանը: Դավիթ Սահակյանը վերակենդանացման բաժանմունքում է, իսկ Նիկոլայ Ստեփանյանը՝ Մուրացանի հոսպիտալում: Գետնին, պատուհանագոգին, աթոռներին տեսակցողների բերած մրգերով, քաղցրավենիքով, հյութերով տոպրակներն են:
Բուժքույրը միացնում է Արթուրի կաթիլային ներարկումը: Արթուրը ժպտում է, հետո երբ սկսում է պատմել շրջափակման մեջ անցկացրած 70 օրերի մասին, դրվագներն այնքան սահուն, պատկերավոր է ներկայացնում, որ թվում է՝ ֆիլմի սցենար է: Արթուրը զրույցի սկզբում խնդրում է չհրապարակել իրենց եղած գյուղերի տեղանունները, որովհետեւ, ըստ նրա, այնտեղ կարող են էլի զինվորներ լինել:
6 մարտական ընկերները ծառայում էին Ջաբրայիլում: Նրանք բոլորն էլ նորակոչիկներ են: Երբ պատերազմն սկսվեց, 6-ն էլ ռազմաճակատում էին: Արթուրն ասում է՝ սկզբից թվում էր, թե այդ ամենը կարճ կտեւի, բայց հետո պարզվեց՝ չէ: Պատերազմի սկսվելուց մեկ շաբաթ անց տղաներին տարել էին Հադրութ: Այդտեղ մի օր սարի վրա էին մնացել: Բայց երբ թշնամին անսպասելի հարձակվել էր, քիչ-քիչ սկսել էին նահանջել: «Մոտ 100 հոգի չհասցրեց նահանջել: Էնպես ստացվեց, որ բոլորս մի փոսի մեջ հայտնվեցինք: Շրջափակման մեջ ընկանք: Սարերում, անտառներում 6 հոգով շրջափակման մեջ ենք եղել 70 օր»,- պատմում է Արթուրը:
![]()