«ՌԴ հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների սոցիալական խնդիրները…». Ա. Հարությունյան

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Ինչպես երեկ հաղորդվել է, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին անհատույց 10 մլն եվրո գումար է տրամադրել՝ ՀՀ տարածքում գտնվող բռնի տեղահանված արցախցիների համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով: Ի լրումն ողջ հայության և ՀՀ ու ԱՀ կառավարությունների հսկայական ջանքերի՝ ՌԴ շարունակական հումանիտար աջակցությունը մեծապես թեթևացնում է մեր քաղաքացիների բազմաթիվ սոցիալական առաջնահերթ խնդիրները: Ե՛վ այդ կարևոր ֆինանսական աջակցության, և՛, ընդհանրապես, Արցախում իրականացվող հումանիտար լայնածավալ ծրագրերի ու խաղաղապահ առաքելության համար, մեկ անգամ ևս արցախահայության անունից իմ երախտագիտությունն եմ հայտնում ՌԴ իշխանություններին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Առիթից օգտվելով՝ իմ շնորհակալական խոսքն եմ հղում նաև մեզ աջակցության ձեռք մեկնած բոլոր երկրներին ու կազմակերպություններին: Դե իսկ հայության անվերապահ աջակցության մասին բազմիցս խոսել եմ և իմ երախտագիտությունն ու հպարտությունը հայտնել մեր համազգային համախմբման առթիվ: Արցախը երբեք չի մոռանա: Աստծո զորավոր Օրհնությունը թող անպակաս լինի բոլորիցդ, իսկ գալիք տարին՝ զերծ նոր արհավիրքներից»,-գրել է Արցախի նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ