![]()
Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:
Երկօրյա այցի մեկնարկը տրվել է Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները և նրանց կանայք, որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ:
![]()
Տիկին Հակոբյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակը,իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին։
Առաջինը «Ժպիտների քաղաք» հիմնադրամն է, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների բուժմանն աջակցելու նպատակով։Այս ոլորտում ծավալվող գործունեությունը, ըստ Հակոբյանի, չի սահմանափակվելու միայն Հայաստանով. մտադրություն կա Հայաստանում ստեղծել քաղցկեղի բուժման այնպիսի կենտրոն, որը կսպասարկի ողջ տարածաշրջանի հիվանդներին։
![]()
Իր գործունեության հաջորդ ուղղությանն անցնելով՝ նա ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է: «Մենք նպատակ ունենք հիմնադրամի գործունեությունը ծառայեցնել առկա կամ մեր ճանապարհին պատահող բոլոր խնդիրների երկարաժամկետ և կայուն լուծումներին: «Իմ քայլը» հիմնադրամը փորձելու է ձևավորել բարեգործական հիմնադրամի նոր մոդել, որը ենթադրում է ոչ թե գումարի կարիք ունեցողներին պարզապես այդ գումարով ապահովել, այլ ստեղծել մեխանիզմներ, որ նրանք դառնան ինքնաբավ եւ անհրաժեշտ գումարը ինքնուրույն վաստակելու հնարավորություն ունենան»,- նշել է տիկին Հակոբյանը:
![]()
Անդրադառնալով իր գործունեության երրորդ ուղղությանը՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, դրա ստեղծման պատմությանն ու առաքելությանը, Աննա Հակոբյանն ասել է. «Ես առաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն և որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելու ճանապարհին զերծ մնալ զենքի եւ ուժի կիրառումից եւ օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հարցի կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանի շուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթ մայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց եւ կազդի նրանց որոշման վրա»,- ասել է Աննա Հակոբյանը։
![]()