![]()
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ղարաբաղում ադրբեջանական դիրքերի վրա հարձակման մասին, զինծառայող է զոհվել, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հայտնել են Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսված մարտերի մասին։ Հաղորդվել է նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։
Հիշեցնենք, որ Տող գյուղը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ ամբողջական վերահսկողության ներքո։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Արցախի ՊԲ-ն խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, որևէ ստորաբաժանում տվյալ հատվածում որևէ գործողության չի մասնակցել, ավելին՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։
Այդուհանդերձ, հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ պարզել՝ չբացառելով հավանականությունը, որ գործ ունենք ադրբեջանական տեղեկատվական սադրանքի հետ։
«Դեկտեմբերի 27-ին, ժամը 15.30-ի սահմաններում (Երևանի ժամանակով 15.30-ին), հայկական զինված խմբավորումը կամ 6 հոգանոց հայկական ջոկատը հարձակվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա Խոջավենդի շրջանի Աղդամ գյուղի (Ակակու) ուղղությամբ: Հարձակման հետևանքով ադրբեջանական բանակի զինծառայող Հանբարով Էլմիր Ռայիիլ օղլուն և զինծառայող Ալիև Էմին Սուլեյման օղլուն վիրավորվել են», -ասվում է ադրբեջանական ՊՆ հաղորդագրության մեջ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո վիրավոր զինծառայողը տարհանվել է բժշկական հաստատություն, նրա կյանքին ոչինչ չի սպառնում:
«Ձեռնարկված գործողությունների հետևանքով սպանվել է ապօրինի հայկական զինված խմբի բոլոր վեց անդամը», — նշված է հաղորդագրության մեջ:
![]()