![]()
20-ամյա Զավեն Եսայանը հունվարին պիտի զորացրվեր, բայց այդպես էլ տուն չհասավ՝ միանալով մարտի դաշտում ընկած հազարավոր հայորդիներին։
Զավենն ապագա ծրագրավորող էր․ ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, բայց առաջին կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո զորակոչվել էր բանակ։
«Ասում էի՝ դու սնդիկ ես, քեզնից ինչ ծրագրավորող, այդ մասնագիտությունն ընտրող մարդիկ հիմնականում համակարգչի դիմաց են անցկացնում։ Ասում էր՝ մա՛մ, ինչ պարտադիր է ես էլ նստեմ, ես իմ օֆիսը կունենամ, ընկերներիս հետ գործեր կանենք, էնքան լավ ծրագրեր կան»,- հիշում է Զավենի մայրը՝ Գայանե Հակոբյանը։
Որդու ծառայության առաջին 6 ամիսն անցել էր Հայաստանում, այնուհետեւ նա տեղափոխվել էր Արցախ՝ Խոջալուի զորամաս։ Կրտսեր սերժանտ Զավեն Եսայանը հրետանավոր էր։
Հերոսի մայրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց՝ պատերազմը, որին մեկ ամիս մասնակցել է Զավենը, իրենց ընտանիքի համար ճակատագրական դարձավ։ «Ինքը զանգում էր, շնչում էինք, չէր զանգում, շնչել չէինք կարողանում»,- այդ ընթացքում իրենց հոգեվիճակը նկարագրելով՝ հիշեց զոհված զինծառայողի մայրը։
Ընկերները Զավենի անունը հաջողակ էին դրել։ 20-ամյա երիտասարդն ինչ գործ ձեռնարկում էր՝ հաջողությամբ էր պսակվում։ «Ընկերներն ասում էին՝ եթե մենք 1 տոկոս ապրելու շանս ունեինք, իրենը՝ 60 էր, որովհետեւ իր մոտ ամեն ինչ հեշտ էր ստացվում»,- պատմում է մայրը։
Զավենը տան կրտսերն էր, ունի իրենից մեծ երկու քույր։ Տիկին Գայանեի խոսքով՝ Զավենը նաեւ իրենց գերդաստանի փոքրն էր, բոլորի լուսավոր ու աշխույժ տղան, ամենաշատ սեր ստացածը։ «Գործ անելիս միշտ երգում էր։ Տուն էր մտնում, առաջին բառը «մերը՜ս» էր, պիտի ձայն տայի, ասեի՝ հա, բալես, որ նոր տուն մտներ․ դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր։ Մեր տան ուրախությունն էր, ինքն ու մեծ քույրը բնավորությամբ իրար շատ նման են, ասում էի՝ դուք իմ էներգիան եք, իսկ Շուշանը (փոքր դուստրը` հեղ․) իմ խաղաղությունն է»,-ասում է Գայանե Հակոբյանը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
![]()