![]()
«Միքայել Մինասյանի հայտարարություններում մի քանի ակնհայտ կեղծիք կա»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ստյոպա Սաֆարյանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է.
Սերժ Սարգսյանի փեսան իր վերջին լայվում խոսել է նրա մասին, թե ՀԱՊԿ-ի բելառուս գլխավոր քարտուղարը պատերազմից առաջ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեղեկացրել ու նկարագրել է սպասվող պատերազմի մասին։
Ես իհարկե, տեղյակ չեմ՝ նման նամակ եղե՞լ է, թե՞ ոչ։ Բայց Միքայել Մինասյանի հայտարարություններում մի քանի ակնհայտ կեղծիք կա։
1․ Որքան էլ բուռն ցանկություն կա ցույց տալու, թե մինչև 2018թ․ ռազմական բալանսը խախտված չի եղել, անգամ բաց աղբյուրներից է հնարավոր ճշտել, թե ինչպիսին է եղել այդ բալանսը 2018թ․ դրությամբ՝ մինչև հեղափոխությունը, և 2020թ․ դրությամբ։ Ռազմական բալանսը, ցավոք, խախտված է եղել վաղուցվանից ու դրա ամենապարզագույն արտացոլանքը Հայաստանի/Արցախի ու Ադրբեջանի ռազմական ծախսերի, բյուջեների մեծ անհամապատասխանությունն է եղել, տասնամյակով Ադրբեջանի կնքած բազմամիլիարդանոց գործարքներն ու ձեռք բերած սպառազինությունները։ Ավելին, արդեն 2018-ի դրությամբ նույնիսկ ռազմավարական բալանսն է խախտված եղել, որը նույնիսկ ավելի վտանգավոր է, քան ռազմական բալանսը։ Եթե միայն ռազմական բալանսն է խախտվում, իսկ ռազմավարական հավասարակշռությունը պահպանվում է, ապա հարձակվող կողմը խելքը հացի հետ չի կերել, որ սանձազերծի մի պատերազմ, որն իր քթերից կարող են բերել։ Իսկ Արցախյան պատերազմի շրջանում միջազգային տեսանելի «լռությունը» կրկին վկայում է, որ ռազմավարական բալանսն էլ խախտված էր, որի մասին գիտեր Ալիևը ու անպատժելիության հարցում վստահ գնաց պատերազմի՝ կանխավ իմանալով աշխարհի արձագանքը, ավելի ստույգ՝ Տավուշյան սադրանով փորձարկած լինելով այն։ Վստահաբար եմ դա պնդում, որովհետև Հեղափոխությունից հետո մի քանի փորձագետներով Իրան կատարած այցելության ժամանակ Իրանի ԱԳՆ շատ բարձրաստիճան պաշտոնյան չթաքցրեց ինձ հետ զրույցում, որ Ադրբեջանի ԱԳՆ նախարարի տեղակալը վերջերս Թեհրան կատարած այցի ընթացքում իրանական կողմին հավաստիացրել է, որ Արցախյան հակամարտության գոտում ռազմական ու ռազմավարական բալանսները փոխված են հօգուտ Ադրբեջանի ու պատերազմի դեպքում իրենք կհաղթեն, իսկ իրանցի դիվանագետը փորձում էր իմ տեսակետը լսել՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ․․․ Հետևաբար, Միքայել Մինասյանը այս մի կետով ուղղակի փորձում է իր հակառակորդ իշխանություններին մեղադրել բալանսի խախտման մեջ, այն դեպքում երբ այդ բալանսն ավելի վաղ է խախտվել։
2․ Միքայել Մինասյանը խոսում է նրա մասին, թե այդ նամակում Հայաստանին նախազգուշացվել է, թե Հայաստանում սպասվում են ռազմական ու ինֆորմացիոն տեռորներ։ Եթե կա նման նամակ ու կա նման զգուշացում, ապա Միքայել Մինասյանը պետք է բացատրի, թե պատերազմից առաջ, ընթացքում ու հետո ինչո՞ւ է այդ ինֆոտեռորի մեջ ներքաշված են այն կայքերը կամ թելեգրամյան ալիքները, որոնք կապվում են իր ու նախկին իշխանության այլ ներկայացուցիչների հետ, որոնք իսկապես բռնվեցին ինֆոտեռորի մեջ։ Հետևաբար, կարծեք թե ինֆոտեռորի մասին ավելի շատ տեղյակ է եղել ու կա Միքայել Մինասյանը, քան թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
3․ Ամենածանր մեղադրանքը․ Հայաստանի իշխանությունները չեն դիմել ՀԱՊԿ-ին։ Պատերազմի շրջանում մեր արտաքին անվտանգային քաղաքականության հետ կապված ինձ էլ անհայտ բազում անպատասխան հարցեր կան՝ ինչո՞ւ չենք պաշտոնապես մենք ինքներս հրավիրել ՄԱԿ ԱԽ նիստ և այլն։ Բայց շատ բանից տեղյակ չլինելով գոնե լսել ենք ՀԱՊԿ առաջատար երկրի՝ Ռուսաստանի ղեկավարության ու մասնավորապես Վ․ Պուտինի խոսքերը, որ Արցախի դեմ պատերազմը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների ներսում է, նրա ներքին գործն է, առավել ևս՝ որ Հայաստանն ինքն էլ չի ճանաչել Արցախի Հանրապետությունը։ իսկ Արցախը Հայաստանի կողմիբ չի ճանաչվել թե 2018-ից հետո, այլ նաև մինչև դա․․․․ Հետևաբար, ՀԱՊԿ ամենաառանցքային երկիրը ի սկզբանե համարել է, որ դա ՀԱՊԿ պատասխանատվության գոտի չէ, կարող է այնտեղ մտնել միայն Ադրբեջանի պաշտոնական հրավերով ու համաձայնությամբ։ Ավելին, Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը լրիվ թափով կատարել ու կատարում է Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։ Այսքանից հետո, իհարկե, չես կարող գոնե հավատալ նրան, ինչը ասում է Միքայել Մինասյանը։
Իսկ թե Հայաստանն ու ՀԱՊԿ-ը ինչ կոմունիկացիա են ունեցել պատերազմի օրերին կամ դրանից առաջ, իհարկե, կարևոր է իմանալը։
Այսքանին եմ արձագանքել, քանի որ տեքստային տարբերակում այսքանը կար, իսկ տեսանյութը չեմ տեսել։
![]()