![]()
Հանրապետության հրապարակում ընթացող բողոքի ակցիայի ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ ցուցարարների եւ գերիների ու անհետ կորածների հարազատների միջեւ: Վերջիններս եկել էին հրապարակ՝ պահանջելու, որ ցույցերը դադարեցվեն՝ մինչեւ իրենց որդիներին կարողանան գերությունից ազատել:
«Թուրքին մի ուրախացրեք, մի հավաքվեք, ցրվեք՝ մինչեւ մեր էրեխեքին բերենք, հետո ինչ ուզում եք, արեք… Երեկ պետք է գերիների փոխանակում անեին, բայց էս ամեն ինչը տեսավ թուրքը, հետաձգեց»,- բղավում էր գերիներից մեկի հարազատը, մյուսն էլ հավելում, թե այնպես, ինչպես Կառավարության դիմաց են գոռում, կարող են գերիներին պահանջել:
Գերիների հարազատների խնդրանքն էր նաեւ հարգել իրենց վիշտը, հրապարակում երաժշտություն չհնչեցնել ու կերուխում չանել. «Երեկ անցել եմ, տեսել եմ էն կարմիր պալատկի (վրանի-խմբ.) մոտ նստած խմում են, խնդում են: Ամոթ ա, արա, հլը մեր ցավի մեջ ենք, մեր վշտի մեջ ենք, էսօր դուք եկել եք էս ինչ եք անում»,- ասում էր գերիներից մեկի հարազատը: Ոստիկանները կանխեցին նրանց բախումը:
![]()