Դեկտեմբերի 31-ից թուրքական ապրանքների ներկրումը կարգելվի

Մի քանի օրից՝ դեկտեմբերի 31-ից, թուրքական ապրանքներ չեն ներկրվի Հայաստան։ Հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց ժամանակավորապես՝ 6 ամսով, արգելել Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագման ապրանքների ներմուծումը։

Հայաստանում թուրքական ապրանքները բոյկոտելու որոշումը կայացվեց այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ներգրավված է նաև Թուրքիան։

Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարության որոշումից հետո իրենք թե՛ բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ աշխարհի տարբեր երկրների հետ բանակցությունների մեջ են եղել։ Այստեղ բիզնեսի ներկայացուցիչներից փորձել են պարզել, թե նրանք ինչի կարիքներ ունեն, իսկ դրսում փորձել են պարզել, թե ինչ կարող են առաջարկել մեր այն բիզնեսի ներկայացուցիչներին, որոնք մինչ այդ իրենց ապրանքները, հումքը ներկրել են Թուրքիայից:

«Մենք, որպես Առևտրաարդյունաբերական պալատ, աշխարհի մոտ 50 երկրի մեր կոլեգաներին նամակներ ենք գրել, տեղեկացրել ենք, որ նման խնդիր ունենք և հիմա արդեն բիզնեսի մարդկանց հետ քննարկում ենք, թե իրենք ինչի կարիք ունեն։ Հիմա սպասում ենք այդ նամակների պատասխաններին, որից հետո մենք մեր բիզնեսի ներկայացուցիչներին կկապենք կոնկրետ արտադրողի, հումքի տիրոջ հետ, որից հետո իրենք կսկսեն աշխատել։ Օրինակ՝ մենք ռուսական առևտրաարդյունաբերական պալատի հետ քննարկել ենք խնդիրը, և հիմա իրենք սպասում են մեր առաջարկին։ Մենք էլ սպասում ենք մեր բիզնսի մարդկանց, թե՝ իրենք ինչ հումքեր են ուզում, ինչի կարիք ունեն, որ արդեն սկսեն իրար հետ աշխատել»,-ասաց Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրենք իրենց մասով գտել են այն արտադրող երկրները, որոնք կարող են ապահովել Հայաստանի համար կարևոր և մինչ այդ Թուրքիայից ներկրվող 1500 անուն ապրանքները։

«Մենք հիմնականում հումքի վրա ենք աշխատում։ Օրինակ՝ Հնդկաստանում գտել ենք հումք արտադրող։ Չինաստանում, Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում կան խոշոր ներմուծողներ, որոնք հումքեր ունեն։ Հիմա մեր բիզնեսի մարդիկ պետք է իրենց համար որոշումներ կայացնեն։ Քանի որ դեռ ձայն չկա, նշանակում է, որ կա՛մ իրենք արդեն ինչ-որ ճանապարհ գտել են, կա՛մ դեռ մտածում են»,- ասաց Պալատի նախագահը։

Ինչ վերաբերում է այլընտրանքային շուկաներին և այդ շուկաների ապրանքների գնին, ապա Ալեքսանյանն ասաց, որ գնի տարբերությունը միայն լոգիստիկային է վերաբերելու: «Կարծում եմ, որ եթե լոգիստիկայի մասը քննարկվի, ապա թուրքական ցանկացած ապրանք կարող է զիջել չինական, եվրոպական կամ հնդկական ցանկացած ապրանքի։ Խնդիրը, կրկնում եմ, վերաբերում է միայն ճանապարհածախսին, բայց այդ պարագայում էլ, կարծում եմ, մեծ խնդիրներ չեն առաջանա։ Հնարավոր է մեկ-երկու ամիս ինչ-որ խնդիր առաջանա, բայց այդ խնդիրներն էլ կլուծվեն։ Համենայնդեպս, ապրանքների դեֆիցիտ հայկական շուկայում չի առաջանա, քանի որ խոսքը մեծ ծավալների մասին չէ։ Տնտեսվարողները պահեստներում կուտակած ապրանքներ ունեն, մինչև դա սպառվի, լուծումներ կգտնվեն»,- եզրափակեց Անդրանիկ Ալեքսանյանը։

Տնտեսագետ Գագիկ Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ թուրքական ապրանքների արգելքից հետո ոչ մի խնդիր չենք ունենա, առանձին ապրանքների դեֆիցիտ շուկայում չի առաջանա. «Ընդհանուր առմամբ, համավարակով պայմանավորված, ամբողջ աշխարհում պահանջարկի շոկ կա, այդ թվում՝ Հայաստանում։ Հիմա դրան գումարած էլ ներկա վիճակը՝ պահանջարկի էական նվազում կլինի, և մարդիկ հազիվ թե արդյունաբերական ապրանքների համար առանձնացնեն գումարներ։ Առաջին պլան է եկել հիմնականում սննդի հարցը։

Ինչ վերաբերում է թուրքական ապրանքների արգելքին, ապա դրանից ոչ մի բան էլ չի լինի։ Կա հզոր Չինաստան, կան եվրոպական երկրներ, մենք ԵԱՏՄ-ի անդամ ենք, ի վերջո, որը գին-որակ հարաբերակցության մեջ ավելի ձեռնտու շուկա է։ Այնպես որ, որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է որոշման ժամկետին և հարցին՝ 6 ամիս հետ որոշումը երկարացնելու անհրաժեշտություն կա՞, Վարդանյանը պատասխանեց, որ կայացված որոշումը քաղաքական էր՝ իրավիճակով թելադրված, բայց ցանկալի չէ, որ քաղաքական որոշումները տևական ժամանակով դրվեն այս կամ այն տնտեսական որոշման հիմքում:

«Բնականաբար, մենք տեսնում ենք, թե արաբական աշխարհում ինչպես են վարվում։ Դա արժանապատվության հարց է նախևառաջ։ Եթե արաբական աշխարհը բոյկոտում է այդ երկրի արտադրանքը, ապա, բնականաբար, մենք իրենցից առաջ պետք է բոյկոտեինք։ Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ինչ-որ խնդիրներ ունենք լուծելու պարենային անվտանգության տեսանկյունից, բայց չեմ կարծում, որ ձմռան ամիսներին պոմիդոր, վարունգ ներկրելը այդքան սկզբունքային և էական հարց է։ Ցիտրուսն էլ կարելի է ներկրել հարևան մեկ այլ երկրից, որը ավելի բնական է։ Մենք ունենք ջերմոցային տնտեսություն և ամեն ինչ պետք է անենք, որ անգամ բարձր ինքնարժեքի պարագայում սեփական արտադրանք ստեղծենք ու սպառենք, քան օգտագործենք ուրիշի թունաքիմիկատները։ Թուրքիայի գործոնը շատ էական է, և մենք սկզբունքորեն պետք է հրաժարվենք որևէ ապրանք կամ ծառայություն գնելուց»,- ասաց Վարդանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ