Արցախում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Աիդա Հարությունյան (Ստեփանակերտի բնակիչ) — Ա՛յ այսպես ջուրը լցվել է: Փրփուրով փակել ենք անցքերը, բայց օգուտ չի տալիս:

Աիդա տատը Ստեփանակերտից հեռացել է միայն նոյեմբերի 4-ին, այն էլ՝ հարազատների խնդրանքով: Ընդամենը 6 օր անց վերադարձել ու հարևանների տունը տեսել է կիսավեր վիճակում, նաև իրենց տանիքն ու թոռների մեքենաներն էին վնասվել:

Աիդա Հարությունյան — Մի քիչ դուռն է վնասվել, բայց ոչինչ: Նայեք՝ նաև պատերին է դիպչել, մի երկու ցեմենտով դրանք կնորոգենք, իսկ ահա տանիքը չեմ կարող:

Եռակողմ հայտարարության ստորագրումից ժամեր առաջ Ստեփանակերտի Առուշանովի փողոցը նույնպես հայտնվել էր հակառակորդի թիրախում: Մերուժան Գրիգորյանն անգիր գիտի՝ թե որ տունն ինչ վնաս է կրել:

Մերուժան Գրիգորյան (Ստեփանակերտի բնակիչ) — Վնասվել են 33-ը, 35-ը, 37-ը: Տանիքները բեկորներից են վնասվել:

Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում 3 հազարից ավելի տուն է վնասվել: Ավերածությունները վերականգնելու համար քաղաքաշինության նախարարությունը դիմումներ է ստանում:

Ազատ Համբարձումյան (Արցախի քաղաքաշինության նախարարի տեղակալ) — Ըստ ցուցակի՝ շինարարական կազմակերպությունները մտնում են և աշխատում՝ պահպանելով ցուցակի հերթականությունը:

Առաջնահերթ կառուցում են տանիքները, տեղադրում դռներ ու պատուհաններ, երկրորդ փուլով նախատեսում են ներքին հարդարման աշխատանքներ: Սեփական ուժերով տները նորոգել ցանկացողներին Արցախի կառավարությունը շինանյութ է տրամադրում:

Ազատ Համբարձումյան — Պատճառը, որ չենք կարողանում բոլոր բնակիչների տները միանգամից նորոգել, շինարարական կազմակերպությունների պակասն է: Դրա համար, եթե բնակիչը կարող է վերանորոգել, առաջնահերթ տալիս ենք շինանյութը, ինքը վերանորոգում է:

Այս պահին Արցախում նորոգվում է 244 բնակելի՝ ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում: Աշխատանքներն իրականացնում է 64 կազմակերպություն, այդ թվում նաև՝ հայաստանյան ընկերություններ:

Արամ Գևորգյան (աշխղեկ) — Դժվարությունն այն է, որ մարդիկ տեղ չունեն ապրելու: Իրենք տանն ապրելով՝ մենք տան վերանորոգման աշխատանքներ ենք կատարում, ու այս պահին, ինչպես տեսնում եք, եղանակային պայմաններն այնպիսինը չեն, որ կարողանանք ավելի հանգիստ, ավելի լավ աշխատել:

Արցախում վերականգնողական աշխատանքների ֆինանսավորմանը միացել է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ