![]()
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցազրույց է տվել «Մոսկովսկի կոմսոմոլեց» ռուսական օրաթերթին՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին, Արցախյան հարցին ու ՌԴ-ի հետ հարաբերություններին։
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ Փաշինյանի հեռանալը և ժամանակավոր կառավարության ձևավորումն ընթանան լեգիտիմ ճանապարհով: «Լեգիտիմը Ազգային ժողովի քվեարկությունն է: Այս պայմաններում, երբ ժողովուրդը համախմբված է Փաշինյանի հրաժարականի պահանջի շուրջը, կարծում ենք, որ Ազգային ժողովը կընդունի այն որոշումը, որը Նիկոլ Փաշինյանն ինքնակամ չի ուզում ընդունել»,- հայտարարել է նա։
Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով՝ նման հայտարարություն անելն արկածախնդրություն է, հղի վտանգավոր հետևանքներով: «Դա անմիջապես կհանգեցնի ընդգծված առճակատման, անկայունության, ու դեռ մեծ հարցական է՝ դրա արդյունքում ձևավորված գործադիր իշխանությունը ինչ վիճակում կլինի որևէ լուրջ քայլ կատարելու համար։
Ես կարծում եմ, որ դա շատ անխոհեմ ծրագիր է։ Ներքին համոզմունք ունեմ, որ մեր հասարակության մեծամասնությունը դա կգիտակցի, և չեմ կարծում, որ նման պահանջը լայն հասարակական արձագանք կստանա։ Մյուս կողմից՝ ակնհայտորեն նկատվում է Ազգային ժողովի պատգամավորներին ինֆորմացիոն տեռորի ենթարկելու, ահաբեկելու, քաղաքականությունը, ինչը ևս ճիշտ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Մանրամասնելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Եթե այդ ուժերը ուզում են շարժվել սահմանադրական ճանապարհով, ապա դա ենթադրում է, որ պատգամավորը պետք է ղեկավարվի խղճով ու համոզմունքներով, այլ ոչ թե արտաքին թելադրանքով։ Ցանկացած դատող մարդ, եթե ունի խիղճ ու համոզմունք, կգիտակցի, որ ամենավտանգավոր բանն այժմ Հայաստանում անկայունությունն է, ու ամեն ինչ կանի խուսափելու այդ լարված վիճակից։ Դժբախտաբար, կան ուժեր, որոնք իրենց հեռանկարը տեսնում են այդ պղտոր ջրում ձուկ որսալու մեջ ու չեն գիտակցում պահի լրջությունը։ Էլ չեմ ասում, որ պատերազմից հետո անգամ շարունակում ենք քաղաքական դաշտում անլրջության դրսևորումներ ցուցադրել։ Որպես կանոն, այդ ամենի կազմակերպիչը նրանք են, ովքեր ուզում են իշխանություն զավթել։ 26 տարի զավթել էին իշխանությունը, տեսանք, թե ինչի են ունակ, և ես չեմ պատկերացնում, թե ինչ նոր հեռանկարներ կարող են դրսևորել»։
Հարցին՝ ինչո՞ւ այդ ուժերը չեն գնում արտահերթ ընտրությունների պահանջով, այլ միայն վարչապետի հրաժարականն են պահանջում, Վիգեն Խաչատրյանը պատասխանեց. «Սարկազմի ժանրից է։ Մարդ, ով ուզում է այսօր ղեկավարել կառավարությունը, խորապես համոզված է, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կկազմակերպեն արդար ընտրություններ։ Այստեղ են ասում՝ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Այդ մարդիկ տարիներով զավթել են իշխանությունը և մշտապես կեղծել են ընտրությունները։ Իրենք սովոր չեն արդար ընտրություն կազմակերպել և ունակ չեն, որովհետև այն նպատակները, որ նրանք հետապնդում են՝ ենթադրում է կեղծիք։ Այլ խնդիր է, եթե իրենք ասեին՝ եկեք որոշենք արտահերթ ընտրությունների անհրաժեշտության խնդիրը, ժամկետ նշանակենք ու քաղաքացիներին հնարավորություն տանք ձևավորելու օրինական իշխանություն։ Եթե, իհարկե, դրա խիստ անհրաժեշտությունը կա, որի մեջ ես գնալով սկսում եմ կասկածել։ Նրանք անընդհատ հղում են անում անհատներին՝ սա դավաճան է, սա հանցագործ է։ Այն ողբերգությունը, որ մենք ապրում ենք՝ սխալ քաղաքականության հետևանք է։ Որևէ մեկին մեղադրելով՝ փաստորեն իրենք իրենց վրայից ուզում են հանել պատասխանատվությունը, որովհետև նրանք, ովքեր այսօր ուզում են զավթել իշխանությունը, նրանք են այդ քաղաքականությունը զավթել ու տասնյակ տարիներ իրականացրել։ Նրանք պետք է խիղճ ունեն, ներողություն խնդրեն ու ասեն՝ եկեք փոխենք պետական քաղաքականությունը, ոչ թե ասեն՝ ով է մեղավոր և ով ավելի լավ կկառավարի Հայաստանը»։
Հայաստանն ավելի լավ կառավարելու համար, Խաչատրյանի խոսքով, պետք է ճիշտ քաղաքական գիծ ունենալ. «Այն քաղաքական գիծը, որն ընտրված էր, տանում էր փակուղի, և մենք վերջում հայտնվեցինք այդ փակուղում։ Իսկ նրանք վախենում են ընտրություններից, որովհետև եթե այդ պահը եկավ, քարոզչությունը դրա շուրջ է գնալու։ Քարոզչությունը չի գնալու՝ ով է հրեշտակ, ով՝ հանցագործ, ով է արդար, ով՝ անարդար։ Այդպիսի բաները քարոզչության ժամանակ չեն անցնում։ Մարդիկ քարոզչության ժամանակ ասում են՝ որ գաք իշխանության, ի՞նչ եք անելու։ Եթե իրենք հենց հիմա խոստովանեն, որ գան իշխանության՝ ինչ են անելու, ժողովուրդը նրանց ցախավելով կքշի։ Դրա համար նրանք թաքցնում են իրենց բուն նպատակը և խուսափում ընտրապայքարից։ Դուք հիշում եք՝ ԱԱԾ-ն վերջերս ցուցադրեց հեռախոսազրույցների ձայնագրություն՝ կապված այդ համաձայնագրի ստորագրման գիշերվա այդ հրոսակախմբերի գործունեության հետ Ազգային ժողովում, վարչապետի նստավայրում։ Մենք հանկարծակիի եկանք, որ վարչապետը նման թուղթ ստորագրեց, բայց չէ՞ որ շաբաթներ առաջ վարչապետը ԱԽ նիստ էր հրավիրել ու ասել, որ ուշ թե շուտ մենք նման փաստաթուղթ ենք ստորագրելու։ Բոլորը դա գիտեին՝ բացի հասարակությունից, որովհետև պատերազմող երկրում հասարակությանն ու բանակին նման ինֆորմացիա չեն տալիս։ Ուրեմն սրանք գնացել հետևություն են արել, ծրագիր մշակել՝ վերացնել պետության ղեկավարին ու անկայուն իրավիճակ ստեղծել, զավթել իշխանությունը։ Այսինքն՝ ինչ-որ մենք տեսանք Հոկտեմբերի 27-ին։ Պարզվում է, որ հեղաշրջմանն ինչ-որ դատավոր է մասնակցում, որը խոստանում է ինչ-որ մեկին չդատել։ Ինչ-որ մեկն ասում է՝ կգանք մարդ կսպանենք։ Ու մենք սա ականջի կողքո՞վ ենք անցկացնում։ Ինչ-որ մեկն ասում էր՝ գազազած ժողովուրդը կհոշոտի դավաճաններին, կամ նրանք ռոմանտիկներ էին։ Այսինքն՝ այդ մարդկանց հենարանը հանցավոր աշխարհն է, որը կարող է ահաբեկել ժողովրդին»։
Վիգեն Խաչատրյանի խոսքով՝ այդ ուժերի ասածը հետևյալն է. «Մենք կկազմակերպենք ազատ ընտրություններ, բայց եթե հասարակությունը գնա գայթակղության, մենք ինչ անենք։ Ասեմ՝ բացառեք այդ քայլերը, թե՞ ունակ չեք դրան։ Իսկ օրինական իշխանությունը հնարավորություն ու ցանկություն չունի ընտրակաշառք բաժանելու։ Ակնհայտ է, որ սա տարիներով մշակված արկածախնդրային քաղաքականության հետևանք է։ Ու այդ քաղաքականություն իրականացնողները պետք է իրենց սխալն ընդունեն, դրա մեջ ողբերգություն չկա։ Բայց նրանք խուսափում են այդ խոսակցությունից։ Հիմա փաստորեն այդ նույն մարդիկ Սյունիքի մարզում բացահայտ հրահրում են պատերազմական գործողություններ։ Հարց է առաջանում՝ վստա՞հ եք, որ Սյունիքի մարզով առաջ եք գնալու մի 10 կմ ու ադրբեջանական հողեր գրավեք։ Ի՞նչ է նշանակում՝ մենք կգնանք Սյունիքի սահմաները կպաշտպանենք՝ ումի՞ց ու ո՞նց և կարևորը՝ ինչո՞վ։ Փաստորեն մարդիկ պատրաստ են պետությունն ու զորքը կազմալուծել, ինչ է թե իրենք ինչ-որ հարցեր լուծեն ու արտասահմանյան լրատվամիջոցներին հարցազրույցներ տան»։
Եզրափակելով՝ Խաչատրյանն ասաց. «Իրերը պետք է կոչենք իրենց անուններով, մարդիկ ամեն ինչ կհասկանան։ Անընդունելի է, որ մարդիկ այն աստիճան են իրականությունից կտրվել, որ հազարավոր մարդկանց անվանում են բիոմասսա, ժեխ։ Ո՞նց կարող է իրեն հարգող քաղաքական գործիչը հրապարակային ելույթներում մարդկանց որակել ժեխ կամ բիոմասսա։ Ակնհայտ է, որ մարդն իրենց համար արժեք չէ։ Թե չէ արտասահմանյան լրատվամիջոցները գիտենք, թե ումից ինչպես են հարցազրույց վերցնում։ Հայաստանում քի՞չ կան նման լրատվամիջոցներ»։
![]()