Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները ցանկանում են հանդիպել Նիկոլ Փաշինյանին

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արցախում գտնվող ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք ցանկանում են անհապաղ հանդիպել վարչապետին և նրանից ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները:

Ծնողների պահանջը կազմված է 3 կետից՝ զինվորները ծառայեն ՀՀ տարածքում, նրանց տրամադրեն լրացուցիչ արձակուրդ՝ լիարժեք բուժում ստանալու համար, և 6 ամսով կրճատեն պատերազմին մասնակցած տղաների ծառայության ժամկետը:

«Երեխաս 7 օրով եկավ, ճանապարհների վրա ծախսեց 2 օր, 5 օրն էլ իբր հանգստացավ: Գիշերը քնից վեր էր թռնում տղաս, սառնարանի ձայնից խրտնում էր: Հիմա այդ վիճակում ինչպե՞ս պոստ կանգնի, ես ինչպե՞ս հանգիստ քնեմ: Թող իրենց փոխարինեն, չգիտեմ իրենց պապաները, մեծերը, աշխարհազորայինները: Մենք քաղաքական ակցիաների հետ գործ չունենք՝ հներ, նորեր, մեզ միայն մեր երեխեքի հարցն է հետաքրքրում»,— ասաց ծնող Հասմիկ Հովսեփյանը:

«Թուրքն այսօր ասում է՝ մեր տարածքում հայկական զորք չպիտի լինի, Պուտինն ասում է՝ Ղարաբաղն ադրբեջանական տարածք է համարվում, մերոնք լուռ են, իսկ իմ զինվորն այդ դեպքում ի՞նչ գործ ունի այնտեղ: Տղերքը հիվանդ վիճակում շրջափակումից նոր են դուրս եկել, հիմա էլ փոխարինող չունեն, որ հանգստանան: Թող վարչապետը մեզ ընդունի ու մեր հարցերին պատասխանի»,— նշեց ծնող Նարինե Բոյմշակյանը:

Հավաքված ծնողներից երեքը հրավիրվեցին Կառավարություն՝ հանդիպման:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ