«Կոնսերվատորիայի 392 դասախոսից 62-ը պահանջում է վարչապետի հրաժարականը․..». ռեկտորը հայտարարությամբ է հանդես եկել

Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոսներից 62-ը պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Կոնսերվատորիայի դասախոսների ընդհանուր թիվը, ի դեպ, 392 է։

Վարչապետի հրաժարականի պահանջի մասին այսօր տարածված տեղեկությանն ավելի ուշ հետեւել է Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի հայտարարությունը։

«Հարգելի հանրություն, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 62 հարգարժան դասախոսներ կոնսերվատորիայի անունից հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Ն. Փաշինյանի հրաժարականը: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նման հարց չի քննարկվել կոնսերվատորիայի ռեկտորատի եւ գիտխորհուրդների նիստերի ժամանակ, ուստի այն չի կարող բուհի պաշտոնական դիրքորոշում համարվել:

Հարկ եմ համարում նշել, որ Բուհի ներկայիս ղեկավարության կողմից երբեւէ, որեւէ փորձ չի արվել ազդելու որեւէ դասախոսի անձնական դիրքորոշման վրա: Բուհի յուրաքանչյուր դասախոս իրավունք ունի ունենալ սեփական քաղաքական կողմնորոշումները, հայացքներն ու տեսակետները: Ինչ վերաբերում է խմբային կարծիք արտահայտելուն, սա համարում եմ բուհի ապաքաղաքական հիմնարար սկզբունքի խախտում: Առանց տեղեկացնելու բուհին, գոնե արհմիության մակարդակով, առանց այդ մասին տեղեկացնելու դեկանատներին, ամբիոններին՝ այդպիսով խախտելով բուհի մնացյալ դասախոսների՝ նախաձեռնությանը տեղյակ լինելու տարրական իրավունքը, հրապարակվել է հայտարարություն ԵՊԿ-ի անունից»,- ասվում է ռեկտորի հրապարակած տեքստի մեջ։

Նույն հայտարարության մեջ նաեւ նշել է, որ իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում երբեւէ վերադասից չի ստացել քաղաքական հրահանգներ (այդ թվում՝ կադրային նշանակումների վերաբերյալ):

«Հարգենք մեր տարբերությունները եւ բուհի ապաքաղաքական հիմնարար սկզբունքը: Մենք ունենք ամենատարբեր մակարդակներում սեփական կարծիքն արտահայտելու բազմաթիվ այլ հնարավորություններ»,- եզրափակել է Սոնա Հովհաննիսյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ