![]()
ԱԱԾ մի խումբ պաշտոնաթող գեներալներ, գնդապետներ նախօրեին հանդես էին եկել հայտարարությամբ՝ ազդարարելով, որ պետության անվտանգային ողջ համակարգը խոցելի է դարձել և վտանգված է: Նրանք իշխանությունից պահանջում էին հանրության բևեռացումը վերացնելու, ազգային համերաշխություն ձևավորելու նպատակով սեղմ ժամկետներում գնալ իշխանափոխության:
Այս հայտարարության տակ ստորագրել էին 14 նախկին ԱԱԾ-ական, սակայն հայտարարությունից հետո նրանց մի քանիսն էլ են միացել։ Այդ ցանկում հատկապես ուշադրություն գրավեց ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնաթող բարձրաստիճան աշխատակից, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Կորյուն Փիլոյան։
Փիլոյանը, հիշեցնենք, Մարտի 1-ի գործերով, «7»-ի գործով մեղադրող դատախազն է եղել։ Ապա՝ 2013 թվականին նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն աշխատանքից հեռացրեց այդ ժամանակ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանին։
Փիլոյանը, նախորդ տարիներին, ինչպես նաև վերջերս մեր բոլոր հարցազրույցների ժամանակ հայտարարում էր, որ ինքը ծառ է ջրում, մեղու է խնամում, թռչուն է խնամում և անգամ մեզ հրավիրում էր իր մշակած ու ստեղծած էկո սննդամթերքը փորձելու։ Այդ բոլոր հարցազրույցների ժամանակ Փիլոյանը թախանձագին խնդրում էր մոռանալ իրեն, քանի որ ինքն այլևս հետ չի գալու, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։
«Առաջին լրատվական»-ն այսօր Փիլոյանից հետաքրքրվեց, այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ միացել է իշխանությունների հրաժարականի պահանջին։ «Երբ որ բանը հասնում է հայրենիք կորցնելուն, ապա այգեգործությունն ու մեղվաբուծությունը մղվում են երկրորդ պլան։ Իսկ ես հիմա տեսնում եմ, որ փաստացի հայրենիք ենք կորցնում։ Ավելի բան չեմ կարող ասել այլևս»,-ասաց Փիլոյանը։
Մեր հարցին՝ առաջիկայում ակտիվ գործողությունների դիմելո՞ւ է, հանրահավաքներին մասնակցելո՞ւ է, թե՞ ոչ, Փիլոյանը չպատասխանեց և անջատեց հեռախոսը։
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննության ժամանակ Կորյուն Փիլոյանը հայտարարել էր, որ «Չերյոմուխա-7» զինատեսակով 2008 թվականի մարտի 1-ին Գոռ Քլոյանին, Տիգրան Խաչատրյանին, Արմեն Ֆարմանյանին սպանած ոստիկաններին բացահայտելը անհնար է: Նրա գործողություններից մշտապես դժգոհել են տուժողների իրավահաջորդները և ընդդիմության ներկայացուցիչները՝ ընդգծելով, որ Փիլոյանն ակնհայտորեն իշխանությունների պատվերն է կատարում: Հետագայում նա վիրավորել էր Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին: Երբ Խոր Վիրապում Սարգիս Քլոյանը Փիլոյանին ասել էր՝ «ո՞նց ես, Փիլոյան, եկել ես մեղքերիդ թողություն անելո՞ւ», դատախազը պատասխանել էր. «Ս…դ քաշի»: Բացի դրանից՝ նույն վայրում գտնվող Մարտի 1-ի զոհերի հարազատներին Փիլոյանն անվանել է «համաշխարհային պոռնիկներ»:
Սարգիս Քլոյանն, այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Փիլոյանի և Մարտի 1-ի գործով անցնող այլ ամբաստանյալների ակտիվությանը և նրանց կողմից վարչապետի հրաժարականի պահանջին, նկատեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչները, փիլոյաններն իրենց լափամանից են կտրվել, դրա համար էլ հիմա ակտիվացել են՝ հույս ունենալով, որ հնարավոր կլինի լափամանը հետ բերել։ «Նույն Փիլոյանը «7»-ի գործով հսկող դատախազն էր։ Պարոն Փիլոյանը 7 տղաներին անմեղ տեղը դատեց։ Այն դեպքում, որ եթե այդ տղաները չլինեին, Մարտի 1-ին զոհերի թիվն ավելի շատ էր լինելու։ Բայց տեսեք, Փիլոյանը հիմա վարչապետի հրաժարական է պահանջում, իսկ պահանջում է, քանի որ լափամանից է զրկվել, քանի որ նա, իր նմանները, ովքեր այդ հայտարարությանը միացել են, գող, ավազակ, սրիկա աբիժնիկ են։ Ու հիմա պատկերացնում եք, որ եթե Նիկոլը հրաժարական տա, ովքեր են գալու իշխանության։ Գալու են հին գող ու ավազակները, ընտրակեղծարարները, փող բաժանողները։ Ու սրանք պահանջում են ժողովրդի ընտրյալ, 870 հազար ձայն ստացած Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նիկոլը շատ ճիշտ է արել, որ այդ թուղթը ստորագրել է, եթե չստորագրեր, հիմա Եռաբլուրում 30 հազար գերեզման էր լինելու։ Ու հիմա ոչ ոք իրավունք չունի իշխանության հրաժարականը պահանջելու։ Առավել ևս՝ նախկին հանցագործները»,- ասաց Քլոյանը։
Մեր դիտարկմանը, որ եթե նույն Փիլոյանը, կամ իր կողմից նշված նախկին հանցագործները պատասխանատվության ենթարկված լինեին, կարո՞ղ էին հիմա նման հայտարարություններ անել, Քլոյանը պատասխանեց. «Նիկոլը գնաց թավիշի ճանապարհով։ Ասաց՝ ժողովուրդը ինձ ընտրել է, և ես չեմ գնա նախկինների բիրտ ճանապարհով։ Ասաց՝ գողացածը թող բերեն վերադարձնեն ու ազատվեն քրեական պատասխանատվությունից։ Բայց նրանք երես առան, ասացին՝ էս ինչ խելոք տղա է եկել, սպասեք սրա հարցերը լուծենք։ Ընդ որում՝ ո՛չ Ղարաբաղը, ո՛չ զոհերը էս ընդդիմություն կոչվածի պետքը չեն։ Նրանք փափագում էին, որ Ղարաբաղն ամբողջությամբ անցներ Ադրբեջանին, 30 հազար զոհ լիներ, որ Նիկոլին հեռացնելը իրենց համար ավելի հեշտ լիներ։ Նրանք դա էին ուզում։ Միայն մտածում էին ամեն գնով իշխանության գալու մասին»։
![]()