![]()
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պահպանողական կուսակցության նախագահ, Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը
-Պարոն Բաբայան, տեսակետ կա, որ Արցախում հեղաշրջում է եղել և որ Վիտալի Բալասանյանի ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակումն ու Արայիկ Հարությունյանի վերջին ուղերձը հենց այդ մասին է։ Ի՞նչ է սպասվում Արցախ–Հայաստան հարաբերություններին, Հայաստանի պարտավորություններին։
-Ես չէ, որ պետք է Արայիկ Հարությունյանի կադրային փոփոխությունների մասին խոսեմ։ Ինչ վերաբերում է հեղաշրջմանը կամ հեղափոխությանը, ինչպես նշեցիք, ապա նման բան չկա, նման նախադրյալներ և պայմաններ չկան, չկա հեղափոխություն, ոչ էլ ազգային համաձայնության դրսևորում եմ տեսնում։
-Իրավիճակը մեղմելո՞ւն են միտված այս կադրային փոփոխությունները։
-Ի՞նչ է նշանակում մեղմել, արդյոք ցավը մեղմվո՞ւմ է պաշտոն ստանալուց։ Որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ և մարդ, որ որևէ մեկից պակաս չէ այս ժողովրդի շահերը պաշտպանել, իմ տեսակետն ունեմ, բոլորս ուզում ենք խաղաղ և կայուն լինի։ Եվ այս փոփոխություններում արտառոց բան չկա, և ընդհանրապես կադրային քաղաքականության հիմքում հիմնական շեշտը պրոֆեսիոնալիզմի և բարոյական հատկանիշնմերի հիման վրա պետք է դրվի։
–Վիտալի Բալասանյանը մշտապես հանդես է եկել Հայաստանի իշխանությունների նկատմամբ կոշտ գնահատականներով։ Եթե Հայաստանում տեղի ունենան նոր ընտրություններ, և գործող իշխանությունները պահպանեն իրենց դիրքերը, ի՞նչ կլինի Արցախի և Հայաստանի հարաբերությունների հետ այդ պարաագայում։
-Գիտեք՝ քաղաքականությունը պետք է հասկանալ իրատեսական։ Նախևառաջ ով ինչ դիրք և ինչ ազդեցություն կունենա, ցույց կտա ժամանակը, երկրորդ՝ պարզ է, որ այս դասավորումները միջանյալ են և անհրաժեշտ է պահպանել կայունություն, և երբ ժամանակը գա, գուցե ընտրություններ լինեն։ Մենք վատ առումով նոր իրավիճակում են, Արցախից 18 տոկոսն է մնացել, 82 տոկոսը կորցրել են, այդքան զոհեր, փախստականներ, տեղահանվածներ, ավերվածություն, փոփոխությունն անխուսափելի էր։ Ես փոփոխությունը միայն անհատների մեջ չեմ տեսնում, փոփոխությունը պետք է լինի մտածելակերպի, արժեհամակարգի մեջ։ Եթե գաղափարախոսությունը գաղափարափորությամբ են փոխում, իսկ Արցախում դա, դժբախտաբար, տեղի է ունեցել, դա որևէ բանի չի բերելու։ Այ դա է կատաստրոֆան։
-Արցախի անվտանգության երաշխավորը մշտապես եղել է Հայաստանը։ Հիմա այլևս Ռուսաստանն է ձեր անվտանգության երաշխավո՞րը։
-Ժամանակը չէ աթոռակռվի և տաբուրետկաների պատերազմի, ուղղակի ամոթ է, հիմա երաշխավորը եղբայրական Ռուսաստան է, այսպես է ստացվել, հիմա և տեսանելի ապագայում այդպես է լինելու։
-Հայաստանում տեղի ունեցող զարգացումները որքանո՞վ են ազդելու Արցախի վրա։
-Ներքաղաքական կյանքի վրա չգիտեմ՝ ինչպես են ազդելու, բայց այն, որ Հայաստանում անխուսափելի պետք է լինեն փոփոխությունները ոչ թե անհատների, այլ համակարգային փոփոխությունները, դա փաստ է։ Այլապես շատ վատ է լինելու, ամեն ինչ որակի մեջ պետք է տեսնել, միայն անհատների փոփոխութամբ բան չի ստացվի։ Այն, ինչ տեղի ունեցավ հայոց պետականության հետ, նաև այդ արժեհամակարգում տեղի ունեցած մի մասը դարերից եկած, մյուս մասն էլ նոր ձևավորված այդ արատների հետևանք են։
![]()