![]()
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրապարակել է իր ուղերձի տեքստը, թեև վաղօրոք ազդարարվել էր տեսաուղերձ՝ դեկտեմբերի 16-ի ժամը 12։00-ի համար: Հետո հայտարարվեց, թե տեխնիկական պատճառով տեսաուղերձը կլինի ժամը 14։00-ին:
Սակայն դա էլ չեղավ, և հրապարակվեց տեքստային ուղերձ՝ տեսանյութի հետ տեխնիկական խնդիրների պատճառաբանությամբ: Ինքնին այդ հանգամանքը արդեն իսկ բավականին հարցեր է առաջացնում ուղերձի կապակցությամբ:
Սակայն ուղերձն ինքնին առաջացրեց էլ ավելի սուր ինտրիգ: Մասնավորապես, Արցախի նախագահը հայտարարել էր, որ չնայած Արցախի տարածքային ամբողջության ու անվտանգության երաշխավոր լինելուն՝ ըստ ԱՀ Սահմանադրության, դե ֆակտո բոլորին է հայտնի, որ այդ լիազորությունների մեծ մասը Երևանում է և չկա սահմանադրական պարտավորությունը կատարելու դե ֆակտո բավարար լծակ: Ասել, որ Հարությունյանը սխալվում է, կլինի, իհարկե, սխալ: Իսկապես, ոչ ոք չի էլ կասկածել, որ Արցախի բանակի կառավարումը Երևանում է:
Ընդ որում, դա մի շարք հանգամանքներից բխող, մի շարք իրողություններով պայմանավորված օբյեկտիվ իրավիճակ է: Ընդ որում, օբյեկտիվը տվյալ պարագայում «ճշտի» հոմանիշը չէ: Բայց, եթե այդ իրավիճակը սխալ է, ապա հարց է առաջանում, թե ինչու այն չի բարձրաձայնվել պատերազմից շատ առաջ, խաղաղության ժամանակաշրջանում: Որովհետև խաղաղության ժամանակաշրջանում գործել է ա՞յլ՝ «թռի վռի մի ճպուռ» սկզբունքը Երևանի և Ստեփանակերտի միջև:
Ընդհանուր առմամբ, պատերազմը ցույց տվեց, որ այդ «սկզբունքն» է խոշոր հաշվով գերիշխել հայկական պետականությունում ավելի քան քառորդ դար, ըստ էության արցախյան առաջին հաղթանակից հետո:
![]()