«Նոնայի» փոխարեն «Լոտոս». Ռուսաստանը նորագույն ինքնագնաց թնդանոթ է փորձարկել

Հուսալիություն, շարժունակություն ու հզորություն. դեսանտայինները պատրաստվում են իրենց սպառազինության մեջ ընդգրկել «Լոտոս» 2Ս42 ինքնագնաց հրետանային թնդանոթը։

«Լոտոսի» փորձարկումներն ավարտվել են, տեխնիկական բնութագրերը` հաստատվել։ ՌԻԱ Նովոստիի նյութը հեռանկարային ինքնագնացի ու օդադեսանտային զորքերի համար մշակված մյուս նորույթների մասին է։

Զորավարժարանում «Լոտոսն» առանց խափանումների անցել է 400 կիլոմետր ու 14 կրակոց արձակել 120 միլիմետրանոց հաստիքային զենքից։ Հաջորդ փուլը նախնական փորձարկումներն են, որոնք կսկսվեն մինչ տարեվերջ։

Լայն հանրությունը ինքնագնացն առաջին անգամ տեսել է 2017 թվականին, իսկ նախագիծը մեկնարկել է 2009–ին։ Կոնստրուկտորները պատրաստվում էին հակատանկային թնդանոթի հիման վրա 152 միլիմետրանոց «Զաուրալեց» հրետանային համալիր ստեղծել դեսանտայինների համար, բայց արդյունքում նախապատվությունը տվեցին պակաս հզոր, բայց ավելի շարժական ու թեթև մեքենային։

«Լոտոսը» ժամանակի ընթացքում կփոխարինի «Նոնա» հրետանային-ականանետային կայանքին, որը սպառազինության մեջ է ընդգրկվել 1970 թվականին ու բավականին լավ դրսևորել իրեն։ Մարտական մեքենայի քաշը չի գերազանցում 18 տոննան, իսկ 450 ձիաուժ հզորություն ունեցող դիզելային շարժիչը մայրուղում կարող է մինչև 70 կիլոմետր/ժամ արագություն բացել և 500 կիլոմետր անցնել։ Դեսանտայինների համար նախատեսված մյուս տեխնիկաների պես «Լոտոսը» կարող է լողալ ու ջրային խոչընդոտները հաղթահարել մի քանի մետր խորության տակ։

Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել անձնակազմի անվտանգությանը, առաջին հերթին՝ բարձր ճշգրտություն ունեցող զենքից պաշտպանվելուն։ Կորպուսը կարող է դիմանալ խոշոր տրամաչափի գնդացիրի կրակին ու բեկորների հարվածներին։ Զինված է լազերային ինդիկատորներով, որոնք կարողանում են որսալ ճառագայթումը, երբ հակառակորդի հակատանկային միջոցները թիրախավորում են «Լոտոսը»։

Թնդանոթը նաև «խելացի» պաշտպանություն ունի։ Ստացած տեղեկությունը մեխանիկորեն փոխանցվում է աերոզոլային նռնակների արձակման կայանքներին, որոնք թիրախավորում են ճառագայթման աղբյուրն ու կրակում։ Մեքենան ակնթարթորեն հայտնվում է խիտ ծխածածկույթում, ինչը շփոթեցնում է թշնամու` բարձր ճշգրտություն ունեցող հրթիռներին, որոնք գործում են լազերային ու ինֆրակարմիր դիապազոնում։

Նախորդի համեմատ զգալիորեն ուժեղացվել են հարվածային հնարավորությունները։ Հրանոթը հեռավար կառավարում ունի։ Նշանառուն վարորդ-մեխանիկի հետ գտնվում է մեքենայի դիմացի հատվածում, անձնակազմի հրամանատարն ու լիցքավորողը` աշտարակում։

«Հրանոթն ընտրել են` ելնելով այն բանից, որ «Լոտոսը» ստեղծվել է ԴՄՄ-4-ի հիման վրա, որն իր չափերով ու քաշով հարմար է դեսանտավորվող տեխնիկայի համար, — ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը։ — Եթե չափի ու քաշի բնութագրերն ավելացվեն, Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռները չեն կարող բավականին քանակով ինքնագնաց կայանք վերցնել, իսկ մարտական գործողություններում առնվազն երկու «Լոտոս» է հարկավոր»։

«Լոտոսի» մարտալրակազմը կրկնակի շատ է, քան «Նոնայինը»՝ մոտ 55 կրակոց։ Արդյունավետ կրակոցի հեռավորությունը հասնում է 13 կիլոմետրի։ Սակայն մշակողների խոսքով՝ հատուկ սավառնող ռազմամթերքը կարող է նաև 20 կիլոմետր թռչել։
Զենքը նշանառություն է բռնում 360 աստիճան հորիզոնական հարթության վրա։ Ուղղահայաց դիրքում հրանոթի բարձրացման անկյունները մինուս չորսից պլյուս 80 աստիճան են։ Այսինքն՝ ինքնագնացը կարող է կրակել որպես հրետանային թնդանոթ, հաուբից կամ ականանետ։ Բացի այդ, նախատեսվում է ամբողջովին ավտոմատ կերպով կրակ վարել նույնիսկ անձնակազմի բացակայության դեպքում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ