![]()
Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրող Էյնուլ Ֆաթուլաեւին մուտք գործել Դադիվանք, հաղորդում է «Միլիտարիստ» Տելեգրամ-ալիքը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում Դադիվանքը, որը նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրի շրջանակում անցել է Բաքվի հսկողության ներքո, պահպանում են ռուս խաղաղապահները:
Դադիվանքը,հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։ Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։
Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է: Այդ ժամանակվանից մեզ են հասել բազմաթիվ խաչքարեր, որոնցից շատերը կանգնեցվել են Հաթերքի իշխանական տան ներկայացուցիչների հիշատակին։
![]()