Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Կարեն Կարապետյանը իր հայտարարության մեջ նշել է, որ այս օրհասական պահն ամենակարևոր փորձությունն է իշխանության համար ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսեւորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձեւավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձեւավորելու հնարավորություն։

«Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խորը ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի:

Կարծում եմ, այն կառավարությունը, ում կառավարման օրոք եւ արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը:

Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետեւողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ Հայաստանին սպասվող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ եւ միայն մեզ», — ասել է Կարեն Կարապետյանը։

Նա նշել է նաև.«Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ