«Սպասում եմ՝ Արայիկիս տեսնեմ, գրկեմ»․ Արայիկ Ղազարյանը Հայաստանում է

Երեկ Հայաստան վերադարձած 44 գերիների թվում է Վայոց ձորի Եղեգնուտ համայնքի բնակիչ, ավելի քան մեկ տարի Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արայիկ Ղազարյանը։

Նրա հորաքույրը «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենք չեն իմացել, որ Արայիկը եւս վերադարձվողների թվում է, պարզապես լսել են, որ գերիներ են բերելու․ «Ինձ հույս էին տալիս, ասում էին՝ եթե գերիների փոխանակում լինի, Արոն անպայման վերադառնալու է, որովհետեւ նա հենց այնպես է նստած, նրա վրա ոչ մի քրեական հոդված չկա»։

Կնոջ խոսքով՝ բարի լուրը ավելի ուշ քրոջ զանգով է իմացել, ընտանիքով գրկախառնվել են, զանգեր են ընդունել, հարեւաններն են եկել, բարեկամները հավաքվել․ «Ժամը 12-ին լսել ենք, երրորդ մարդը, ում անունը կարդացել են, Արոս է եղել»։

Հետո արդեն շտապել են Երեւան՝ Արայիկին տեսակցելու․ «Երեկոյան ենք տեսել, շատ քիչ, մինչեւ Վայոց ձորից եկել ենք, ժամը 2-ն էր արդեն, խնդրեցինք, 20 րոպեով թույլատրեցին տեսնել»։ Հարցին, թե ինչպե՞ս էր Արայիկը, հորաքույրը պատասխանեց․ «Մի քիչ նիհարել էր, բայց ոչինչ, չեմ կարող ասել՝ շատ վատ վիճակում էր, բայց շատ լավ վիճակում էլ չէր»։

Լրագրողների հետ կարճ զրուցեց նաեւ Արայիկ Ղազարյանի մայրը՝ ասելով, որ իրենք շատ դժվար պահեր են անցկացրել, բայց հիմա շատ ուրախ է կատարված հրաշքի համար․ «Երեկվանից լսել եմ այդ հրաշքը, շատ եմ ուրախացել, բայց չեմ պատկերացնում՝ որ Արայիկիս տեսնեմ, ոնց պիտի դիմադրեմ, ուրախ եմ, որ այստեղ է, Հայաստանում է, սպասում եմ՝ իրեն տեսնեմ, գրկեմ»։

Հիշեցնենք՝ 2019 թվականի օգոստոսի 12-ին 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցները, իրենց պաշտպանության նախարարությանը հղում անելով, հայտնել էին, թե իբր զինծառայողին ձերբակալել են Ֆիզուլիի մարտական դիրքի մոտակայքում, եւ որ նրա «դասալքության պատճառը եղել է զորամասում անմարդկային վերաբերմունքը»: Ավելի ուշ ՀՀ ՊՆ այդ ժամակվա նախարար Դավիթ Տոնոյանը ադրբեջանական մամուլում զինծառայողի վերաբերյալ այդ տեղեկությունները քարոզչություն էր որակել՝ կարծիք հայտնելով, որ զինծառայողը տեղանքում մոլորվել է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ