Ռուսաստանի հայերը պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց չեն ցանկանում նախկինների վերադարձը

Հիշեցնենք, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարության ստորագրումից հետո եռօրյա այցով Հայաստանում էր և մի շարք հանդիպումներ էր ունենում տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ։ Արա Աբրահամյանը նախկինում երբեք չէր միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին, ավելին՝ սերտորեն համագործակցում էր նախկին իշխանությունների հետ, և որևէ հարց՝ կապված Հայաստանի հետ, նրա մտահոգության առարկան չէր դառնում այնպես, որ նա հայտարարություն տարածեր։

Ավելին, Վլադիմիր Պուտինը վերջերս նշել էր Փաշինյանին և նրա թիմին աջակցելու պատրաստակամության մասին՝ ասել, որ Փաշինյանը տղամարդկային քայլ է կատարել։ Այս դեպքում, Արա Աբրահամյանը նաև Պուտինին է դեմ գնում։ Ոչ միայն Արա Աբրահամյանը, այլ նաև Ռուսաստանում մեծահարուստ հայերը նույն կոչով են հանդես գալիս։ Այս հանգամանքը, ըստ «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, հասարակական գործիչ Արամ Խաչատրյանի, իր մեջ քաղաքական խաղ է պարունակում, քանի որ այդ գործարարները, որոնք գտնվում են Ռուսաստանում, նրանք ինչ-որ առումով կախված են նաև ՌԴ իշխանություններից։

Անդրադառնալով Արա Աբրահամյանի հայտարարությանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արամ Խաչատրյանը նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունը շատ բան է արել Հայաստանի և Արցախի համար, որի անդամներից շատերն ունեն Հայաստանի քաղաքացիություն, իրավունք ունի նման հայտարարությամբ հանդես գալ։

«Արա Աբրահամյանը նույնպես ունի ՀՀ անձնագիր, սա նշանակում է, որ ինքը իրավունք ունի նման հայտարարություններ անելու, քանի որ պատերազմի ժամանակ օդանավերով, ավտոմեքենաներով հսկայական օգնություն է հասցրել։ Ավելին՝ Մարտակերտի շրջանում քաղաք են ուզում կառուցել և փախստականներին տներով ապահովեն։ Հաշմանդամ զինվորների համար ռեաբիլիտացիոն կենտրոններ են ստեղծելու։ Ով՝ ով, բայց Ռուսաստանի հայերի միությունն իրավունք ունի նման հայտարարություններով հանդես գալու։ Սա բնավ չի նշանակում, թե միությունը մտնում է ներքին գործերի մեջ։ Արա Աբրահամյանը դա ասելով՝ նկատի է ունեցել Ռուսաստանի բոլոր հայկական համայնքների ցանկությունը,- ասաց Արամ Խաչատրյանը։ Նա նաև նշեց, որ ամեն տարի Հայաստանից 500000 հայ է գալիս Ռուսաստան աշխատելու, և հիմա համայնքը հիմնականում բաղկացած է վերջին 25 տարիներին Հայաստանից Ռուսաստան եկածներով, որոնք տիրապետում են Հայաստանի ներքաղաքական կյանքին։

Արամ Խաչատրյանը նշեց, որ ինքը թեև Ռուսաստանի հայերի միության անդամ չէ, բայց ամեն շաբաթ մասնակցում է քննարկումներին, 85 համայնքային ղեկավար ունեցող միությունից, ըստ Արամ Խաչատուրյանի, բոլորն են պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը․

«Հազար տեսակի համայնք ունենք, բայց այսօր բոլորն ասում են, որ միակ փրկությունն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա։ Բոլոր համայնքային ղեկավարները դա են պնդում։ Ամեն մեկը, տեսնելով Հայաստանի վիճակը, կարծում է, որ պետք է Փաշինյանը հրաժարական տա։ Շատերը, որոնք քննադատում են Փաշինյանին, նշում են, որ չեն ցանկանում նախկիններին տեսնել Հայաստանում իշխանության։ Մենք ցավում ենք մեր Հայաստանի հզորության, մեր Հայաստանի ապագայի համար։ Արա Աբրահամյանը արտահայտում է բոլոր համայնքային ղեկավարների ցանկությունը»,- հավելեց զրուցակիցս։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ