«ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, բայց չլուծված հարցեր…».Փաշինյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի: Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել», — ասել է վարչապետը և հավելել, որ այս պահին կան չլուծված հարցեր, որից մեկը վերաբերում է Զանգելանի և Կուբաթլուին, ինչն էլ պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացնեն՝ կապված է Կուբաթլու և Զանգելան շրջանների իրավիճակի հետ:

«Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում: Հաջորդ իրավիճակը, որի շուրջ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարվածություն՝ հենց այս հատվածին է վերաբերվում: Այստեղ նրբությունն այն է, որ մենք այդ հատվածով ունենք անցնող մեզ համար ռազմավարական նշանակության ճանապարհ, սահմանների և կոորդինատների ճշգրտման հետ կապված կան որոշակի հարցեր: Երեկ մինչև կեսգիշերն անց Մոսկվայում Պաշտպանության նախարարի մասնակցությամբ տեղի են ունեցել քննարկումներ: Իրադրության լուծման մի քանի առաջարկներ և տարբերակներ կան և մենք առաջիկայում պետք է որոշում կայացնենք այդ տարբերակներից որևէ մեկի վերաբերյալ»,-ասել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ