Առաջին պահանջը՝ պատերազմական իրադարձությունների պատշաճ ուսումնասիրությունն է

Անհրաժեշտ է պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ հետաքննություն իրականացնել, պարզել, թե որ հատվածում ինչպիսի հրամաններ են տրվել, ինչ գործողություններ են կատարվել, ինչպես է իրեն դրսևորել հրամանատարական կազմը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միավորված աշխատանքային կուսակցության» ղեկավար Գուրգեն Արսենյանը՝ հավելելով, որ օրերս հանդիպել է Արցախի նախագահի և ՀՀ վարչապետի հետ և նրանց նույնպես հայտնել է, որ պատերազմական իրադարձությունների մասին պատշաճ ուսումնասիրություն իրականացնելն առաջին պահանջն է:
«Հետաքննությունը պետք է հիմա սկսել, նույնիսկ մի քիչ ուշացած է արդեն, որովհետև մի շարք պատասխանատու և ոչ պատասխանատու անձինք զբաղված են պատմության կեղծմամբ»,- նշեց Արսենյանը:

Նա նաև ընդգծեց, որ կարծես թե ինչ-որ կենտրոնից հրահանգավորումով և ցուցումով բացարձակապես քննարկում չի ծավալվում ռազմական պատասխանատուների և դիվանագիտական պատասխանատուների գործունեության արդյուավետության վերաբերյալ:

Արսենյանի խոսքով՝ իրենց գործունեության և իրենց առաջ քաշած թեզերի մասին պետք է պատասխան տան արտգործնախարարը, պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը:

«Մնացականյանը Վաշինգտոն մեկնելուց առաջ ՌԴ-ում հանդիպում ուներ ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ, և նա շատ լավ տեղեկացված էր իրավիճակի մասին, սակայն նա շտապ վերադարձավ Մոսկվայից և մեկնեց ԱՄՆ, չմնալով և չշարունակելով քննարկումները Մոսկվայում, որոնք կարող էին հանգեցնել մեզ համար ավելի դրական լուծումների»,- նշեց Արսենյանը՝ հավելելով, որ վարչապետին ապացուցելու, հիմնավորելու և համոզելու կարևորագույն առաքելությունը արտգործնախարարինն էր:

«Զարմանալի է, որ ռազմական գործիչներ կան, որոնք ձախողված և պարտված պատերազմի արդյունքում զինվորական կոչումներ ստացան,- նշեց Արսենյանը: – Դավիթ Տոնոյանը պետք է մեկնաբանի իր հայտնի թեզը՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»: Գլխավոր շտաբի պետը, օպերատիվ վարչության պետը պետք է ներկայացնեն՝ ինչպիսի պատերազմ էին պլանավորել»:

Արսենյանի խոսքով՝ այս ուսումնասիրություններն ու հետաքննությունն անհրաժեշտ են, որպեսզի կարողանանք դասեր քաղել այս իրավիճակից և այլևս անպատասխանատու մարդկանց պատասխանատու «պոստեր» չվստահենք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ