Քոչարյանից ու Սարգսյանից հետո նախագահը այցելել է խորհրդարան


Հայաստանում ստեղծվում է որոշակիորեն պատային իրավիճակ: Իշխանության փոփոխության առավել արմատական հարցադրումով քաղաքացիական անհնազանդության ակցիաներ սկսած ընդդիմադիր բևեռը չունի հասարակական բավարար աջակցություն այդ ճանապարհով արագ հաջողության համար: Միևնույն ժամանակ, ունի բավարար ռեսուրս լարվածությունը պահելու համար:
Քաղաքական ղեկավարությունն ունի հանրային, այսպես ասած, պասիվ վստահություն, որն այս փուլում ավելի շուտ սնուցվում է արմատական ընդդիմության հանդեպ անվստահությունից, ոչ թե ինքնին գեներացվում քաղաքական իշխանության հանդեպ հանրության ուղիղ վերաբերմունքից:

Վստահության այդ ռեժիմը, միաժամանակ նաև ծանր պարտության հոգեբանական խիտ նստվածքն ու բարոյական բեռը, իրենց հերթին թույլ չեն տալիս քաղաքական ղեկավարությանը գործել առավել անկաշկանդ և էական կենտրոնացում ապահովել ներքին ու արտաքին հարցերի կառավարման արդյունավետության ուղղությամբ: Պատային իրավիճակը ստեղծվել է ներսում, թե կառավարվում է դրսից, սա կարող է լինել առանձին խոսակցության առարկա: Թեև, դա ինքնին հույժ կարևոր խոսակցություն է: Բայց, բոլոր դեպքերում ակնառու է, որ պատի հաղթահարման լուծումները պետք է լինեն ներսում, եթե անգամ պատի կառավարման ղեկը կամ վահանակը դրսում է: Որևէ լուծում հնարավոր չէ, եթե չի հաղթահարվում նպատակների, այսպես ասած, բացարձակությունն ու դիրքորոշումների բևեռացվածությունը: Դա ներկայումս ոչ միայն չի հաղթահարվում, այլև ունի խորացման միտումներ: Ավելի ու ավելի ակնառու է դառնում թերևս այն, որ Հայաստանի ներքաղաքական խորացող վիճակը չի կարող ավարտվել որևէ կողմի հաղթանակով կամ պարտությամբ: Այդ վիճակը կարող է ավարտվել միայն Հայաստանի հաղթանակով՝ եթե հնարավոր լինի գալ դեպի արտահերթ ընտրություն տանող ճանապարհային քարտեզի շուրջ քաղաքական համընդհանուր կամ գերակա համաձայնության, կամ Հայաստանի պարտությամբ՝ եթե այդ համաձայնության հեռանկարը ձգվում է և խորանում է բևեռացումը: Ըստ ամենայնի, այդ ուղղությամբ է աշխատանք սկսել հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նախորդ օրերին հանդիպել էր նախկին երկու նախագահներին՝ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին, իսկ դեկտեմբերի 11-ին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: Կա՞ այդպիսի հաջորդականության առումով պատճառահետևանքային կապ, և արդյո՞ք Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումների արդյունքում ուրվագծվել կամ ուրվագծվում է դիրքավորումների և իրադարձությունների հետագա ընթացքի վերաբերյալ նոր մոտեցում կամ մոդել, որը ներկայացվել է խորհրդարանի նախագահին: Ընդ որում, թերևս դետալ է, սակայն ուշագրավ՝ այն, որ Արմեն Սարգսյանն ինքն է այցելել խորհրդարան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ