![]()
Երեկ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Սյունիքը, Սևանը և Երևանը Ադրբեջանի պատմական տարածքներն են, ըստ էության, արտահայտում է Ադրբեջանի ղեկավարության ծավալապաշտական նկրտումները ՀՀ-ի նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Վերջինս մեկնաբանել է այդ զորահանդեսին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների ունեցած հայատյաց ելույթները։
«Դեռևս երբ պատերազմը նոր էր սկսել, ես արդեն ասում էի, որ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակն է ոչ միայն հարձակվել և գրավել Արցախը, ցեղասպանության մատնել Արցախի հայությանը, այլ նաև նպատակն է թուլացնել ՀՀ-ն և, ըստ էության, շարունակել այն քաղաքականությունը ցեղասպանության, որը որդեգրել էին երիտթուրքերը, շարունակել Մուստաֆա Քեմալի Աթաթուրքը, և հիմա արդեն փորձում է շարունակել Էրդողանը՝ օգտագործելով Ադրբեջանը»,-կարծում է թուրքագետը։
Սաֆրաստյանի խոսքով՝ այն, ինչ որ ասաց Ալիևը, բազմիցս է ասել։ Դա, ըստ էության, ադրբեջանական պաշտոնական պատմագրության տեսակետն է, որը վերջին տասնամյակներում ամեն կերպ տարածվում է Ադրբեջանում։ Ըստ թուքագետի՝ այդ ոգով են դաստիարակվում ադրբեջանցի երեխաները, ողջ բնակչությունն է ենթարկվում այդ կեղծ պատմագիտական պրոպագանդային, և երբ որ նման հայտարարություն հնչում է ռազմական շքերթի ժամանակ երկրի ղեկավարի շուրթերից, դա արդեն դառնում է ակնհայտ ծավալապաշտական, ագրեսիվ քաղաքականության մասին հայտարարություն ամբողջ աշխարհի առջև։
![]()