![]()
«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետբյուջե փոխանցված միջոցներին ու դրա շուրջ ծավալված քննարկումներին այսօր ԱԺ-ում անդրադարձել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախ մատնանշել է դրա նպատակն ու առաքելությունը, նշել.
««Հայաստան» համահայկական հիմնադրամը, 1992-ին հիմնադրվելով, նպատակ է ունեցել ստեղծել համահայկական ցանց, աջակցել Հայաստանին, աշխարհի հայերին ու իրականացնել Հայաստանի ու Արցախի համաչափ զարգացմանը միտված ծրագրեր, 1300 կարևոր ծրագրեր իրականացրած կառույց է: Առաքելությունն է՝ համահայկական ցանցային համակարգի ձևավորումը, որի նպատակն է ապահովել աշխարհասփյուռ հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի կայուն ու համաչափ զարգացումը»:
Ընթերցել է, որ պետության ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման համար նվիրաբերությունը ստացողին տրամադրվել է «Հայաստան» հիմնադրամի կողմից բանկային հաշիվներին հավաքագրված միջոցներից ինչ-որ գումար, իսկ ստացողը պարտավորվում է օգտագործել բացառապես սույն նպատակներով օգտագործվելու համար, բնականաբար, պետք է լինի հաշվետվություն, հաշվետվություն ներկայացնողը ֆինանսների նախարարն է:
«Գումարը կառավարությանը հնարավորություն է ընձեռել հատկացված միջոցներն ուղղել ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի իրագործմանը, որոնք տվյալ օրվա դրությամբ կազմել են 101 մլրդ դրամ: Ռազմական դրությամբ պայմանավորված նոր ի հայտ եկած ծախսերի ֆինանսավորման նպատակով միջոցները հատկացվել են կառավարության որոշումներով: Ռազմական գործողություններով պայմանավորված ի հայտ եկած նոր ծախսային ծրագրերի համար 101 մլրդ դրամի անհրաժեշտություն է եղել, որևէ միավոր որևէ պետության մեջ մեր մասշտաբի գործնականում չի կարող իրացնել այդ ժամանակահատվածում, եթե պարզվի, որ հիմնադրամն ունի այնպիսի կարողություններ, ինչպիսին պետությանն է, դա կպարզվի, որ ունենք պետություն պետության մեջ: Այստեղ կարծում եմ՝ փորձերը ձախողված են խեղաթյուրել իրավիճակը կամ ներկայացնել այնպես, որ տեղի է ունեցել շեղում հիմնադրամի նպատակներից, ճիշտ հակառակը, բովանդակային առումով ամբողջությամբ ծառայել է նպատակին, և ես համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան կայացված ինստիտուտների միջոցով միջոցառումների իրականացումն է, չկա»,- ասել է նա:
![]()