![]()
Մենք պարտվեցինք դրսում, հիմա պարտվում ենք ներսում: Հիմա ոչ թե ելքեր փնտրելու ժամանակն է, այլ վերքերը բուժելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը:
Նրա կարծիքով՝ այս իշխանությունը պետք է հեռանա ոչ միայն պարտության, այլ նաև շատ այլ պատճառներով, քանի որ անկարող իշխանություն է:
«Ոչ մի ռեֆորմ չտեսանք, տեսանք միայն փիար, հիմա էլ տեսանք, թե դա ինչի բերեց: Բնականաբար այս իշխանությունը պիտի գնա, բայց հարցն այն է, թե ով պիտի գա: Միևնույն է մենք ղեկավարվում ենք դրսից: Մեր այս վերջին պարտությունը բերեց Ռուսաստանից 100 տոկոսանոց կախվածության…
Ինչպե՞ս կարելի էր ունենալ այդպիսի լեգիտիմություն և չբացատրել ժողովրդին, թե ինչ կարող է լինել, եթե մենք պատերազմի մեջ մտնենք: Դա նշանակում է, որ ինքն էլ տեղյակ չի եղել, իսկ միգուցե տեղյակ է եղել, բայց վախեցել է, քանի որ իրեն թվացել է, թե աթոռից կարող է պլստալ:
Եթե նախկին իշխանությունը մեզ չէր բացատրում, դա հասկանալի էր, ես չեմ էլ հիշում Սերժ Սարգսյանը ասուլիս հրավիրեր, փակ մարդ էր: Նույնը կարող եմ ասել Ռոբերտ Քոչարյանի մասին: Լևոն Տեր-Պերոսյանը փորձեց մի անգամ ասել, միանգամից հանեցին:
Պարզվում է՝ այդ թուղթը միշտ էլ կար: Որպես այդպիսի լեգիտիմություն ունեցող մարդ, պիտի ամեն օր այդ թուղթը դնեիր «լայվերումդ», խոսեիր, բացատրեիր: Հնարավոր է թքեին երեսիդ, ասեին՝ դավաճան ես, մեկ է ասացին, չէ՞, հիմա: Ասեիր ժողովուրդ ջան սա է, ուզում եք, ինձ կերեք, ես մեղավոր չեմ, դա կա, և մենք այդ հարցը պիտի լուծենք: Այդ դեպքում միգուցե պատերազմ չլիներ: Կարևորը ոչ թե հաղթելն է, այլ պատերազմի մեջ չմտնելը»,- նշեց դերասանը:
«2018-ին էս հողեր հանձնելը քցեցին ջեբդ, էնքան խելք ունենայիր ժողովրդին ճիշտը պատմեիր»,- ասաց Դանիելյանը:
աղբյուրը՝ «Առաջին լրատվական»
![]()