«Գրեթե բացակայում էր պաշտպանիչ համազգեստը. իմ տեսած պատերազմը». Նաիրի Հոխիկյան

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ տեսած պատերազմը՝ առանց փակագծերի․ մաս 4
Հոկտեմբերի 13-ին՝ գիշերվա ժամը 3-ին հնարավորություն ունեցա ծանոթանալ առաջնագծում տեղի ունեցող ակտիվ մարտական գործողությունների տրամաբանությանը առաջին ձեռքից։ Թշնամու մարտավարությունը բավական լավ էր մտածված, ինչպես մեր ջոկատի Արշակն էր սիրում կրկնել, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաները «կարել են Ադրբեջանի բանակի վրա»։
Ռազմի դաշտում առաջին շարքում հրետանու կրակի ուղեկցությամբ գալիս էին թշնամու տանկերը և հարձակողական մյուս զրահամեքենաները։ Նրանց թիկունքում հետևակն էր, որի կազմում պարտադիր գործում էր ռազմական լրագրողների երկու ջոկատ։ Այս երևույթը իմ ուշադրությունը հատկապես շատ գրավեց։
Երբ թշնամուն հաջողվում էր գրավել մեր դիրքը, առաջ էր գալիս դրոշ դնողների ջոկատը, հանդիսավոր բարձրացնում էր Ադրբեջանի դրոշը, ինչը նկարահանում էին ռազմական պայմաններում աշխատելու պատրաստություն անցած ադրբեջանական լրագրողական խմբերը։ Հնարավորինս շատ էին նկարում, որ հետո դրանք նաև այլ տեսանյութերում օգտագործեն։ Ապա լրագրողական խմբերից մեկը արագ վերադառնում էր մոտ 10կմ թիկունքում կայանած դաշտային մոնտաժային տեխնիկայի մոտ, պատրաստում հերթական տեսանյութը և ուղարկում Բաքու։
Այս գործողությունը այնքան մանրակրկիտ էր մշակված, որ մեծ հարված էր հասցնում հայկական կողմի տեղեկատվական դաշտին։

Իսկ ի՞նչ էր անում Արցախը։ Ստեփանակերտում լրագրողներին ստիպում էին նստել ապաստարաններում և սպասել, թե երբ է հերթական արկն ընկնելու որևէ տան վրա, որ նկարեն ու ցույց տան, թե ինչքան թշվառ վիճակում է Արցախը։ Այդ օրերին ստացվեց զրուցել գործընկերներիս հետ։ Լրագրողները պայքարում էին առաջնագիծ գնալու և հանրությանը մարտնչող հայ զինվորի ցույց տալու համար։ Պատասխանատու պետական մարմինները հատուկենտ դեպքերում էին ստեղծում այդ հնարավորությունը, այն էլ առանց կոնկրետ ասելիքի կամ տեղեկատվական ռազմավարության։

Այդ օրերին առաջնագիծը ցույց տալու համար հայկական կողմը ակտիվ օգտագործում էր ռուսական «War gonzo»-ի հեղինակ Սեմյոն Պեգովի ռեսուրսը, մինչդեռ նա ոչ այնքան լրատվություն էր տալիս, որքան զբաղված էր բլոգ վարելով, խոսում էր, քարոզչություն տանում, ոգևորում հայ հանրությանը։

Ինչո՞ւ լայնորեն և պրոֆեսիոնալ աշխատանքի հնարավորություններ չկան հայկական մեդիադաշտի ներկայացուցիչների համար։ Ստեփանակերտում եղած օրերին այդ հարցը տվեցի Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանին։ Վաղուց գիտեինք իրար, կարող էի ազատ խոսել Արտակի հետ։ Նույն անկեղծությամբ պատասխանեց․ «Չունենք պրոֆեսիոնալ այնպիսի լրագրողներ, որ կարողանան առաջնագծից պատերազմի ընթացքը լուսաբանել»։ հակադարձեցի, թե ես լավ գիտեմ հայ լրագրողներից շատերի կարողությունները և վստահ եմ, որ կան շատ պատրաստված լրագրողներ։ Առաջարկեցի ինձ ուղարկել այդպիսի վտանգավոր վայրեր՝ հաշվի առնելով 2016-ի ապրիլյան պատերազմը 11 օր հենց առաջնագծից լուսաբանելու փորձը։ Եղավ Արտակի պատասխանը․ «Եղբայր, ես հասկանում եմ, որ շատերն են ուզում հերոսանան, նույնիսկ կան լրագրողներ, որ հոգու խորքում ուզում են վիրավորվել, որ հերոսանան․․․»։

Այդքանով ավարտվեց մեր զրույցը, անիմաստ էր շարունակելը։
Արցախի նախագահի մամուլի խոսնակ, իմ գործընկեր Վահրամ Պողոսյանի հետ զրույցից էլ հասկացա, որ տեղեկատվական դաշտում անմխիթար վիճակում ենք, քանի որ ՀՀ իշխանությունը արգելում է հաղորդել որևէ այլ բան, բացի իր տվածից, իսկ ՀՀ իշխանությունը Արծրուն Հովհաննիսյանի բերանով տալիս էր միայն հաղթանակի լուրեր։
Այդ օրերին Արցախի իշխանության տարբեր օղակներ, զինվորականությունը անթաքույց դժգոհություն ունեին ՀՀ իշխանության կազմակերպչական աշխատանքից։

Կամավորականների և բանակի ռեզերվի ուժերը շատ դանդաղ էին տեղ հասնում, եկողներն էլ պատմում էին, որ օրերով ծեծում են զինկոմիսարիատների դռները, որ իրենց թույլ տան մեկնել Արցախ։ Մոբիլիզացիան ՀՀ-ում ձախողված էր՝ թափթփված աշխատանքի հետևանքով կամ միտումնավոր։

Արցախ հասած քիչ կամավորական խմբերից մեկի հետ մի քանի անգամ սեփական աչքով տեսնելով առաջնագծի հարավային թևի խնդիրները՝ Ստեփանակերտում եղած ժամանակ կեսգիշերից հետո հանդիպեցի Արցախի նախագահի խորհրդական, իմ վաղեմի ընկեր Դավիթ Բաբայանի հետ։ Երկուսիս մտահոգությունը նույնն էր։ Մինչև ժամը 4-ը քայլեցինք փողոցում, քննարկեցինք այն խնդիրները, որոնց լուծումն անհրաժեշտություն էր օր առաջ։ Դավիթին, սակայն, այդ օրերին քիչ մարդիկ էին լսում, քանի որ պատերազմը ամենից առաջ նաև լավ հնարավորություն էր սկսնակների համար ինքնահաստատվելու։ Դավիթը խնդրեց ռազմավարական կարևորության մի շարք հարցեր բարձրացնել նաև իմ ունեցած ազդեցության լծակներով։
Ավելի քան 2 տասնամյակ Արցախի ամեն կտորի իրական արժեքն ուսումնասիրած Դավիթ Բաբայանը տեսնում էր, որ հայրենիքի այս կտորի գլխին կախված «դամոկլյան սուրը» պահող թելը օր օրի ավելի է բարակում, և մի օր այն անպայման կտրվելու է։

Լուսադեմին մոտ հանդիպեցինք գեներալ Վարդան Բալայանի հետ։ Զորքը կռվում էր հերոսաբար, ժամանակին ոչ բոլոր զինվորներն էին ստանում անհրաժեշտ զինամթերք, գրեթե բացակայում էր պաշտպանիչ համազգեստը (բրոնե ժիլետ)։
Գիշերվա ժամերին, երբ ինտերնետի փոքր ինչ հասանելիություն էր լինում, կապվում էի ՀՀ-ի ընկերներիս հետ։

Վահրամ Միրաքյանի նախաձեռնությամբ «Մանթաշով» գործարարների միության 60 անդամները փող էին հավաքում՝ նախևառաջ բրոնե ժիլետներ ու գիշերային տեսանելիության սարքեր գնելու համար։ Ամեն օր ժամը 2-ին մեր օնլայն հանդիպման պահն էր։ Գործընկերներիս պատմում էի առաջնագծի վիճակի ու զորքին անհրաժեշտ պարագաների մասին։ Որոշվել էր 1 շաբաթվա ընթացքում հավաքել 300,000 դոլար, բայց սահուն կերպով այդ թիվը գրեթե կրկնապատկվեց։ Միության անդամ գործարարները ակտիվացրել էին իրենց բոլոր կապերը, փող էր պետք՝ բանակի համար զինամթերք գնելու։ Ամեն օրը մի կորուստ էր։

Հերթական առաջադրանքը կատարելուց առաջ մեր ջոկատի Դավիթի հետ ներկայացանք փոխգնդապետ Յարամիշյանին։ Նա էլ մտահոգված էր, որ փորձառու մասնագետները ռազմական ոլորտում մղվել են հետին պլան, ինչը հղի է մեծ վտանգներով։

Նախկին պատերազմներում թրծված զինվորականներին ու սպայական անձնակազմին գործելու հնարավորություն տալու անհրաժեշտություն կար, մինչդեռ ավագ սերժանտին հանձնարարվում էր վաշտ գլխավորել, իսկ հրետանավորին տալիս էին հետախուզական վաշտեր առաջնորդելու հրահանգ։ Տրամաբանությունը և նպատակը անհասկանալի էր։
Հոկտեմբերի 16-ին առաջադրանք ստացանք Շուշիում։ Բերդաքաղաքը թեպետ գրեթե դատարկ էր, բայց ոչ ոքի մտքով չէր անցնում, որ թշնամին կարող է մոտենալ անմատչելի բարձունքին։

Այնտեղ մի հատուկ պահեստ կար։ Ծանոթացա արցախցի Սամվելի հետ։ ՏՏ ոլորտի ռուսախոս տղա էր։ Զրույցի ընթացքում հանկարծ ծնկի եկավ ու որովայնը բռնած՝ մի քանի րոպե մնաց կծկված։ Չէինք համարձակվում որևէ բան անել կամ ասել։ Հետո վեր կացավ, հագուստը թափ տվեց։ Առողջական լուրջ խնդիրներ ուներ, բայց չէր կարողանում հանգիստ նստել, կամավոր մտնում էր ամենածանր գործերի մեջ։

Սամվելի հետ զրույցի ժամանակ լսում էինք երկնքում պտտվող թշնամական ԱԹՍ-ի ձայնը։ Դա այնքան սովորական էր դարձել, որ այլևս ուշադրություն չէինք դարձնում։ Ձայնից միայն տարբերում էինք, որ հարվածային դրոն է, ինչ-որ տեղ պիտի ընկնի։

Եկավ բեռնված մեքենան։ Անցանք առաջադրանքի կատարմանը, հանկարծ լռեց թշնամու աթս-ի ձայնը։ Հասկացանք, թե ինչ է մեզ սպասում։ Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվեց ընկնող աթս-ի ուժգնացող շարժիչի ձայնը։
«Бегом-бегом…»,-գոռաց Սամվելը, և բոլորս հասկացանք, որ թշնամու թիրախի էպիկենտրոնում մենք ենք։ Ամեն մեկս վազեց մի կողմ՝ փորձելով պատսպարվելու տեղ գտնել։ Մեր ջոկատի Հայկի հետ մտանք պարկերի արանքը։ Մինչ թշնամու աթս-ն կհարվածեր, փակեցի աչքերս և սկսեցի խավարի մեջ փնտրել անորոշությունից եկող մահվան շունչը։
Շարունակելի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ