Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 34.000 փախստական

Կիրակի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Ստեփանակերտ է վերադարձել ավելի քան 850 մարդ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

«Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 859 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը իրականացվել է ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռազմական գերատեսչության տվյալներով՝ ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր են վերեդարձել ավելի քան 34 000 փախաստականներ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ