Ոսկեպարի բնակիչները 16 ուժերից պահանջել են պարզաբանում

16 քաղաքական ուժերի ներկայացուցիչները հրապարակավ պարբերաբար հայտարարում են, թե Տավուշից գյուղեր են հանձնվել Ադրբեջանին: Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչները այսօր փակել են ճանապարհը՝ հստակ պահանջելով պարզաբանում՝ տեղեկատվությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը.«Գյուղերի անուններ չեն նշում:

Մենք բոլորս էլ էս շրջանից ենք, իրենք ակնարկում են Ոսկեպարի և հարակից տարածքների մասին, մենք հենց այդ գյուղերի մարդիկ են: Մենք ուզում ենք հասկանալ, թե որ գյուղերն են տվել: Եթե տվել են, ինչի՞ չեն մեզ ասում, և ինչու են տվել: Եթե մեղավոր է Նիկոլ Փաշինյանը, պատժենք իրեն, եթե մեղավոր չի, հենց այնպես են նման բաներ հայտարարում, ինչու են հայտարարում: Մենք էնտեղ ունենք ծնողներ, երեխաներ, գերեզմաններ…

Մենք Ոսկեպարի գլխին ենք, նախկինում ինչպես եղել են այդ գյուղերը, հիմա էլ այդպես կան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ոսկեպարի բնակիչ Արշակը: Նա նշեց, որ Տավուշի մարզի բնակիչների համար դա ցավ է, անորոշ ցավ:

«Ամեն մեկը մի հրապարակում հայտարարում է, թե գյուղեր են հանձնել: Ո՞ր գյուղն են տվել, թող ասեն: Եթե այդքան ցավում են մեզ համար, թող գյուղի անունը տան, գնանք տեսնենք, թե այդ գյուղում ինչ ունենք: Մեկը 80 տարեկան մայր ունի, մյուսը հաշմանդամը եղբայր ունի, իմանանք, ժամանակին դուրս հանենք գյուղից: Եթե անորոշ են ասում, այսինքն՝ ուզածներն ի՞նչ է»,-հավելեց Արշակը:

Ճանապարհը փակող բնակիչների հետ զրուցել է Ոսկեպար համայնքի ղեկավարը, որը վստահեցրել է, որ մարզից և ոչ մի գյուղ չի հանձնվելու թշնամուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ