«Մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է հարցի՝ տարածքային վեճի կոնտեքստ ստանալու մեջ…». ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձում նշեց, որ այն բանից հետո, երբ իր վրա վերցրեց պատերազմում պարտության ողջ պատասխանատվությունը, հետաքրքիր գործընթաց է ստեղծվել Հայաստանում:

«Ով չի ալարում, շտապում է վերջին 25-30 տարվա իր և մեր բոլոր սխալների պատասխանատվությունը հրել դեպի ինձ, դեպի գործող Կառավարություն: Բանը հասել է այնտեղ, որ այն մարդը, որը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից և բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով: Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը մեկ այլ մեղադրանք մեջբերեց. միջազգային հանրությունը Ադրբեջանի այս տարվա ագրեսիան ընդդեմ Ղարաբաղի ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում:

«Մեղադրանքը հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք, երբ միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր փաստաթղթավորված Ադրբեջանի տարածքները օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ դրանում ոչ մի վտանգավոր բան չկա»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ միջազգային հանրության այդ վերաբերմունքը ձևավորվել է վերջին 25 տարիների ընթացքում, որ Ղարաբաղի հարցը ընկալվեց որպես տարածքային վեճ, և դա դարձավ մեր ամենամեծ պրոբլեմը, և որ Հայաստանը կամաց-կամաց միջազգային հանրության կողմից սկսեց աստիճանաբար ընկալվել որպես օկուպանտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ