Թշնամու 15 տանկ խոցած Արցախի հերոս Դավթի մարմինը մի քանի օր առաջ են գտել

Այսօր՝ նոյեբերի 26-ին, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Արցախի հերոս՝ 15 տակ ու 1 ՀՄՄ խոցած Դավիթ Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը։ Քաջ սարդարապատցուն հրաժեշտ են տվել հայրենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սարդարապատ համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանը Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նոյեմբերի 2-ից Դավթի մասին որեւէ լուր չի եղել։ Նրա փոխանցմամբ, նախնական տվյալներով հենց նոյեմբերի 2-ին էլ Դավիթը մահացու վիրավորում է ստացել։

Մինչեւ վերջին մի քանի օրը Դավթի ծնողները հույս են ունեցել, որ իրենց որդին ողջ է, ուր որ է կզանգի կամ էլ կլսեն նրա հերթական սխրագործությունների մասին լուրը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ մի քանի օր առաջ են մարմինը գտել։ Գրպանում Դավթի փաստաթղթերն են եղել, բայց համոզվելու համար, որ նա իսկապես Դավիթն է, հարազատներին առաջարկվել է ԴՆԹ անալիզ հանձնել։

«Սպասում էին ԴՆԹ անալիզի պատասխանին, որն էլ երեկ երեկոյան են ստացել։ Դավիթն անհետ կորածների մեջ էր։ Լսել ենք իրենց հրամանատարը իմացել է, որ մահացել են Դավիթն ու ընկերը, բայց հրամանատարն էլ է վիրավորվել ու չի կարողացել տղաների ծնողների հետ կապի դուրս գալ»,- պատմեց Բաբկեն Վարդանյանը։

Դավիթ Լյովայի Գրիգորյանը ժամկետային զինծառայող էր։ Սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով մարտերին Ֆիզուլիի հատվածում, հասցրել էր խոցել թշնամու բազմաթիվ զինտեխնիկա։ Շարունակելով ծառայել հայրենիքին՝ մահացու վիրավորվել էր։

Համայնքապետը Դավիթին մեկ նախադասությամբ հետեւյալ կերպ բնութագրեց․ «Համեստ ընտանիքում մեծացած համեստ տղա»։ Վարդանյանը հպարտությամբ շեշտեց, որ Դավիթը միշտ աչք է ընկել իր դաստիարակությամբ ու խելքով։ Շատ լուրջ, խելացի ու զուսպ տղա է եղել։ «Իմ կարծիքով նրա սխրանքներն իր մասին ամեն ինչ ասում են»,- փաստեց Բաբկեն Վարդանյանը։

Դավիթ Գրիգորյանը ծնողների միակ արու զավակն էր, երկու քույր ունի, երկուսն էլ ամուսնացած են ու արդեն իրենց երեխաներն ու ընտանիքներն ունեն։

Կենդանության օրոք Դավիթն արդեն «Արցախի հերոս» էր։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հոկտեմբերի 4-ին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում էր շնորհել Դավիթ Գրիգորյանին եւ հանձնել «Ոսկե արծիվ» շքանշան:

Դավթի մայրը որդու առաջնագծում մարտնչելու մասին առաջին անգամ տեղեկացել էր Արցախի նախագահի հայտարարությունից։ Նա մորը վստահեցրել էր, թե ծառայությունն ապահով վայրում է անցնում, բայց հանկարծ հեռուստատեսությամբ այլ բան էր հաղորդվել՝ Դավիթը ոչ միայն առաջնագծում էր, այլեւ հերոսական պայքար էր մղում։

Արցախի երիտասարդ հերոս Դավիթի սխրագործություններին այդ ժամանակ անդրադարձան տարբեր լրատվամիջոցներ։ Դավթի մայրն իրեն այցելած լրատվականներին ցույց էր տվել այն պարգեւները, որոնք ստացել էր կրթության ու սպորտի տարբեր ճակատների առաջնամարտիկը:

Սարդարապատի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը ՀԺ-ի հետ զրույցում իրենց նախկին աշակերտին միայն դրական կողմերով էր ներկայացնում՝ լավ ընտանիքից է, կարատեի խմբակ է գնացել, մաթեմատիկայի «Կենգուրու» մրցույթի հաղթողներից մեկն է, շատ լավ է սովորել: Դավիթը Տնտեսագիտական համալսարանի ուսանող էր, ընդունվելուց հետո առաջին ձմեռային զորակոչին էր մեկնել բանակ: Հունվարի 13-ին զորացրվելու էր։

ՀԳ․ Նոյեմբերի 26-ի տվյալներով Դավիթ Գրիգորյանը Սարդարապատ համայնքի արդեն 5-րդ անմահացած հերոսն է։ Ցավոք սրտի գյուղում ունեն նաեւ 4 անհետ կորածներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ