Դիլիջանի հյուրատներում հանգրվանած 1600 արցախցիների մեծ մասն արդեն վերադարձել է տուն

Փոքրիկ Արտյոմի ընտանիքը պատրաստվում է վաղ առավոտյան մեկնել Արցախ: Քրիստինան իրերն է հավաքում, առայժմ կմնան Ստեփանակերտում` հարազատների մոտ, մինչև բնակարանի խնդիրը կկարգավորվի:

Քրիստինա Աղաջանյան (Շուշիի բնակիչ) — Այստեղ ամեն ինչ շատ լավ էր, մեզ այստեղ ընդունել են ինչպես հարազատների, անհամբերությամբ ուզում ենք վերադառնալ, հյուր լինելը լավ է, բայց տանն ավելի լավ է:

Պատերազմի առաջին իսկ օրերից Դիլիջանի տարբեր հյուրանոցներում և հյուրատներում հանգրվանել է ավելի քան 1600 արցախցի:

Արմեն Սանթրոսյան (Դիլիջան համայնքի ղեկավար) —  Ե՛վ քաղաքապետարանը, և՛ կամավորները, և՛ միջազգային կազմակերպությունները հնարավորինս աջակցել են և մինչև օրս աջակցում են, որ որևէ սոցիալական խնդիր չունենան էստեղ, հրադադարից հետո շուրջ 250 մարդ տեղափոխվել է Արցախ:

Քրիստինան եկել էր մեծ ընտանիքով: Ասում է` սկեսուրը երկրորդ անգամ է ստիպված լքել տունը, առաջինը 1989-ին էր Բաքվից, հիմա էլ` Շուշիից:

Քրիստինա — Առաջին հերթին ուզում ենք, երազում ենք, որ ամեն ինչ խաղաղ լինի, որ պատերազմ չլինի, որ երեխաները խաղաղ երկնքի տակ մեծանան: Ամեն ինչ կամաց-կամաց կկառուցվի, հայերը այն ժողովուրդն են, որ ոչնչից շատ բան կարող են ստեղծել, պետք է շարունակենք ապրել՝ հիշելով մեր զոհվածներին:

Ստեփանակերտցի Անուշը 54 օր է` հորը չի տեսել: Տատիկի, մոր և փոքր եղբայրների հետ է: Այստեղ պարապ չի նստել: Օգնել է հյուրանոցում ժենգյալով հաց թխող կանանց, բոլորի կողքին է եղել: Ապագայի հույսը չի կորցնում: Աշխատել է պետք:

Անուշ Ավագյան (Ստեփանակերտի բնակիչ) — Հուսով եմ՝ շատ արագ Ստեփանակերտը նորից կշենացվի, կզարգանա, նպաստավոր կլինի ապրելու համար, հետագայի համար:

Ժենգյալով հաց թխելը դիլիջանյան հաճելի հուշերից կլինի՝ ասում է Ալիսան: Ստեփանակերտում ամեն մեկն իր տանն էր թխում, այստեղ միասին թիմ դարձան: Մի քանի ժամից կմեկնի հավատով:

Հյուրատան տաք վառարանի շուրջը անցած մեկ ամսվա եռուզեռը հիմա չկա: Տնօրենն ասում է, որ չեն թողնի ժենգյալով հացի բույրն ու համը հուշ դառնան: Մնացողներին էլ առաջարկ ունի:

Հայկ Գրիգորյան (հյուրանոցի տնօրեն) — Նրանցից, ովքեր կմնան, կշարունակենք իրենց հետ աշխատել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ