«ԼՂ-ում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է, ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը». Պուտին

Ռուսաստանի Դաշնություն նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ