![]()
Արցախում պատերազմի ժամանակ հայկական կողմը կիրառել է «Իսկանդեր» հրթիռային համակարգը, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
««Իսկանդեր» պատերազմի ընթացքում կիրառվել է, բայց որտեղ՝ չեմ նշի», — ասաց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման համար։ Իսկանդեր հրթիռային համալիրները ունակ են խոցել նաև շարժվող թիրախներ։ Իսկանդեր համակարգն ունի համալիրի երեք մոդիֆիկացիա՝ Իսկանդեր-Մ, Իսկանդեր-Է և Իսկանդեր-Կ։
Իսկանդեր համալիրը ՕԿԱ (SS-23 Spider) համակարգի ավելի նորացված և հզորացված տարբերակն է, որը դուրս է եկել արտադրությունից և Ռուսաստանի զինված ուժերից։ Իսկանդերի ստեղծման ծրագիրը մեկնարկել է 1996 թվականին, սակայն արտադրության է դրվել 10 տարի անց՝ 2006 թվականին։
Իսկանդեր համակարգն ունի կարճ հեռահարության երկու բալիստիկ հրթիռներ (Բացառությամբ Իսկանդեր-Է մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգն ունի մի քանի տարբեր մարտագլխիկներ։ Այն կարող է նաև օգտագործել միջուկային մարտագլխիկներ (Միայն Իսկանդեր-Մ մոդիֆիկացիայում)։ Կրակի նվազագույն հեռավորությունը բոլոր մոդիֆիկացիաներում 50 կմ է, իսկ առավելագույն հեռավորությունը հասնում է մինչև 500 կմ-ի (կախված մոդիֆիկացիայից)։ Իսկանդեր համակարգերը հաղթահարում են հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հրթիռները կարող են արձակվել տեղակայվելուց մի քանի րոպեների ընթացքում։ Երկրորդ հրթիռը կարող է արձակվել առաջին հրթիռի արձակումից մեկ րոպե հետո։
![]()