![]()
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը կասկած չունի, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օրակարգն ու պետական շահը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախկին նախարարը նման կարծիք է հայտնել ԱԳՆ-ում կայացած հանդիպման ընթացքում, որի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանին:
«Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը»,- ասել է Մնացականյանը
Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին այն կարևոր օրակարգի համար, որը նա առաջ է տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: «Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
![]()