Ռուս խաղաղապահներն արդեն Ստեփանակերտում են

15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ռուսական խաղաղապահ գումարտակը ժամը 17:00-ին մտել է Ստեփանակերտ, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:

«Այսօր ՝ նոյեմբերի 12-ին, ռուսական խաղաղապահ զորախմբի առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել Լեռնային Ղարաբաղի տարածքում կրակի դադարեցման և մարտական գործողությունների մասին պայմանավորվածությունների կատարման վերահսկողության խնդիրների կատարմանը: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում երկրապահների մասնակցության և Արցախում ստեղծված իրավիճակի մասին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Երկրապահ կամավորականների միության կայքէջը, Սասուն Միքայելյանն իր հայտարարության մեջ նշում է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ երկրապահ ջոկատներն առաջիններից էին, որ կրեցին հայրենիքի սահմանների պաշտպանության, երկրի անվտանգության ապահովման ծանր պատասխանատվությունը:

«Ավելի քան 3500 երկրապահ՝ հերթափոխով, այս օրերին մարտնչում էր Արցախի եւ ՀՀ սահմանների պաշտպանության համար: Ցավոք մեր շարքերն էլ նոսրացան. այդ 44 օրերի ընթացքում Երկրապահը 69 զոհ տվեց, ունենք 2 անհայտ կորած, 1 գերի, 74 վիրավոր: Խոնարհվում եմ որդեկորույս մայրերի առջեւ: Հպարտանում եմ Ձեզանով, Ձեր քաջ զավակներով: Մենք այս օրերին տեսանք թե ինչ սերունդ եք դուք դաստիարակել՝ քաջ, անվախ եւ, որ ամենակարեւորն է՝ հայրենասեր»,- ասել է Միքայելյանը:

ԵԿՄ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդը դեռ պատերազմի մեջ է և եթե տրվի քաղաքական սադրանքների, ավելի մեծ կորուստների առջեւ կկանգնի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ