Կասետային ռումբեր և հնարավոր ռազմական հանցագործություններ․ CBN-ի անդրադարձը ԼՂ պատերազմին

Ամերիկյան CBN News հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտերի մասին։ Հեռուստաընկերությունը հաղորդում է, որ ՄԱԿ-ը հետաքննում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ հնարավոր ռազմական հանցագործությունները։

Հեռուստաընկերության թղթակից Չաք Հոլթոնը պատերազմի ընթացքում եղել է Ստեփանակերտում, որտեղից ներկայացրել է Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի վրա կատարված հրետակոծությունների հետևանքները։ Այժմ Չաք Հոլթոնը Արցախից վերադարձել է ԱՄՆ։ Հարցազրույցի ընթացքում նա կրկին պատմել է Լեռնային Ղարաբաղում ընթացող հակամարտության մասին։

«Ես, անշուշտ, տեսել եմ, թե ինչպես են կասետային ռումբեր օգտագործվում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Բնակիչներն ասում են, որ այդ կասետային ռումբերը մայրաքաղաքի վրա նետվում են գրեթե ամեն օր։ Դրանցով ռմբակոծություն է կատարվել նաև այն օրը, երբ ես էի այնտեղ։ Ցավոք, մենք տեսանք, որ այդ ռումբերը կրող հրթիռները պատրաստվել են Իսրայելում», – պատմում է Հոլթոնը։

Լրագրողը նաև նշում է, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Գյանջա քաղաքի բնակիչներին նախապես զգուշացրել էին հրթիռակոծությունների մասին՝ ներկայացնելով այն ռազմական թիրախները, որոնց պատրաստվում են հարվածել, նաև ասելով, որ հրթիռները կարող են սխալմամբ հարվածել բնակելի այն հատվածներին, որոնք ռազմական թիրախների մոտ են գտնվում։

«Ես կարող եմ մի բան ասել՝ ադրբեջանցիներն իրենց քարոզչությունն այնքան էլ լավ չեն կատարում։ Օրինակ՝ նրանք մի հրթիռի նկար էին տեղադրել՝ հայտարարելով, որ դա արձակել են Արցախից, որ այն հարվածել է տանիքին և մտել սեղանի մեջ և չի պայթել։ Խնդիրն այն է, որ նկարում պատկերված հրթիռը թարս է ընկած։ Այսպիսով, նրանց տված տեղեկություններն այնքան էլ արժանահավատ չեն», – հայտնում է լրագրողը։

Չաք Հոլթոնը նաև նշում է, որ հայերը խաղաղություն են ուզում, սակայն ադրբեջանցիները, ցավոք, ցանկանում են վերացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ հայերի համար գոյատևման վտանգ առաջացնելով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ