Ադրբեջանական ուժերը փորձել են առաջանալ Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն հետ են շպրտվել

Արցախի առաջնագծի հարավ-արևմտյան, հարավ-արևելյան և հյուսիսային ուղղություններում հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են: Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներին և Քարին տակ գյուղին:

Նշված ուղղությունների վրա աշխատող հակառակորդի կրակային դիրքերին ՊԲ ստորաբաժանումների կողմից հասցվել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից և կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

«Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԼՐԱՑՈՒՄ- ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանել է, որ «շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով» ձևավերպման մեջ խոսքը ավտոտեխնիկայի մասին է, ոչ թե զրահատեխնիկայի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ