Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ. թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի էջում՝ հայտնելով, որ Մարտունու շրջանի Շեխեր, Թաղավարդ և Զարդարաշեն գյուղերի ուղղությամբ օրվա ընթացքում թշնամին մի քանի անգամ դիվերսիոն գրոհներ է ձեռնարկել, սակայն Պաշտպանության բանակի և աշխարհազորի փոխգործակցված ճիշտ աշխատանքի շնորհիվ այդ խմբավորումները հետ են շպրտվել՝ ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ:

«Առաջնագծի այլ հատվածներում թշնամին իր ագրեսիան ցուցաբերել է միայն հրթիռակոծության ենթարկելով մեր խաղաղ բնակավայրերն ու դիրքերը»,- գրել է Պողոսյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ճեպազրույցի ժամանակ ասել է, որ հյուսիսային ուղղությամբ թեժ մարտեր չեն եղել մինչև կեսօր, կեսօրվանից սկսել է հերտակոծություն

«Մարտունուց դեպի հարավ և Հադրութից դեպի հյուսիսային կողմ, ինչպես ներկայացրել ենք նախորդող օրերին, անտառների և բնակավայրերի հարակից տարածքներում այսօր ևս չեզոքացվել է մեկ դիվերսիոն խումբ, բայց այլ հատվածի դիվերսիոն խմբերի դեմ մարտերը շարունակվում են»,- կենտրոնական հատվածի վերաբերյալ ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ըստ ՊՆ ներկայացուցչի՝ հարավային ուղղությամբ ևս այսօր շատ թեժ  մարտեր չեն եղել: Հակառակորդը փորձել է մի քանի անգամ հարձակողական գործողություններ իրականացնել՝ փոքր օջախային գրոհների տեսքով՝ տարատեսակ տեխնիկական միջոցներ կիրառելով: Որոշ հատվածներում հակառակորդը նահանջ է ունեցել:

«Ընդհանուր առմամբ այսօր մեծ լարվածություն չի եղել ռազմաճակատի տարբեր հատվածներում»,- հավելել է Հովհաննիսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ