Ստեղծված կացությունը համազգային ներուժի աննախադեպ զորաշարժ է պահանջում. 13 կուսակցությունների հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ-ում գործող մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժերի ընդունած հայտարարությունը: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ադրբեջանի և Թուրքայի կողմից սանձազերծված պատերազմի 20-րդ օրն է:

Համայն հայ ժողովուրդը, խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերը մեկտեղել են իրենց կարողականությունը՝ դիմագրավելու մեր երկու պետականությունների դեմ ուղղված գոյապահպանական սպառնալիքը:

Ադրբեջանա-թուրքական ագրեսիան՝ միջազգային ահաբեկչական տարբեր խմբավորումների ներգրավմամբ, վերածվել է գլոբալ անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքի:

Հայության համար հայրենականի վերածված պատերազմը նոր ծավալներ է ստանում՝ հանգեցնելով մեծաթիվ անդառնալի կորուստների: Պատերազմը սանձազերծած ագրեսորները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, անհաղորդ են միջազգային հանրության՝ անհապաղ հրադադար հաստատելու և ռազմական ճանապարհով հիմնախնդրի լուծումը բացառելու պահանջներին: Ավելին, առաջին իսկ պահից Ադրբեջանը խախտել է Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի հաստատման համաձայնությունը:

Օրհասական այս իրավիճակում՝ ռազմական, քաղաքական և դիվանագիտական ճակատներում բեկում մտցնելը հրամայական է: Ստեղծված կացությունը համազգային ներուժի ամբողջական և աննախադեպ զորաշարժ է պահանջում:

Դիմում ենք ՀՀ Կառավարությանը և պահանջում.

1. Հրատապ կարգով ստեղծել ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ-պետական հատուկ մարմին՝ օժտելով նրան որոշումներ ընդունելու, օպերատիվ գործողություններ ծրագրելու և համակարգելու իրավասություններով:

2. Հայրենքի պաշտպանությունն արդյունավետ կազմակերպելու համար ներգրավել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախկին և գործող նախագահներին, վարչապետներին, պաշտպանության և արտաքին գործերի նախարարներին, ռազմական և քաղաքական փարձառություն ունեցող այլ անձանց:

  • «Ազատություն» կուսակցություն
  • «Ազգային օրակարգ» կուսակցություն
  • «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն
  • «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցություն
  • «Երկիր ծիրանի» կուսակցություն
  • «Ժառանգություն» կուսակցություն
  • «Համերաշխություն» կուսակցություն
  • «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  • Հայաստանի Հանրապետական կուսակցություն
  • «Հայրենիք» կուսակցություն
  • «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
  • «Մեկ Հայաստան» կուսակցություն

Հայտարարությունը բաց է ստորագրման համար»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ