Իրանից հայտարարել են, որ իրենց տարածքի ուղղությամբ նոր հարվածներ չեն հանդուրժի

Իրանի իշխանությունները չեն հանդուրժի իրենց տարածքի ուղղությամբ ղարաբաղյան հակամարտության մասնակիցների կողմից հասցվող կրկնակի հարվածները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն:

«Իրանն անտարբեր չի մնա նման հարվածների կրկնության դեպքում»,- դիվանագետին մեջբերում է իրանական արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը: Վերջինս հավելել է, որ «սահմանամերձ շրջաններում բնակվող իրանցի քաղաքացիների անվտանգության ապահովումն առաջնահերթություն է երկրի զինված ուժերի համար»:

Հինգշաբթի ավելի վաղ IRIB հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտնել էր, որ Իրանի տարածքում 8 հրթիռ է պայթել, որոնք արձակվել են ղարաբաղյան հակամարտության գոտու տարածքից: Հրթիռներն ընկել էին բնակավայրի տարածքում, ինչի հետևանքով վնասվել էին մի քանի տներ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հակառակորդն ունի ավելի քան 5839 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 604 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 32 քաղաքացիական անձ, վիրավորվել է 106 քաղաքացիական անձ, նախնական տվյալներով՝ լրջորեն վնասվել է ավելի քան 6700 մասնավոր սեփականության անշարժ գույք, ավելի քան 640 մեքենա, շուրջ 1110 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից ուժի մեջ է մտել հրադադարը, սակայն ադրբեջանական զինուժը հրադադարից հետո դիվերսիոն գործողություն է իրականացրել, նաև հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Արցախում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ