![]()
Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով այս պահի դրությամբ, մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ։ Կիզակետում շարունակում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները։ Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաև հրանետային միջոցների կիրառությամբ, նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված ուժերը հաջողությամբ ետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,- ասաց նա։
Այս առումով նաև պաշտոնապես քիչ առաջ հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ Ադրբեջանի լայնածավալ գործողությունները հետ են մղվել։
«Այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ այդ հատվածից հակառակորդը ետ է շպրտվել ելման դիրքեր, այս պահին այդ ուղղությամբ համեմատած հանգիստ դրություն է, ընթանում են թեթև մարտեր։ Օրվա ընթացքում մեծ է եղել հրետանու կիրառումը։
«Հրետակոծվել են նաև հյուսիսային հատվածի բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտը։ Մարտակերտի հարակից բնակավայրերում կրակի տակ էին հայտնվել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- ասաց Հովհաննիսյանը։
Մանրամասները ՝տեսանյութում․
![]()